Մատչելիության հղումներ

Դրությունը Ջավախքում «ծանր է, բայց պետությունը շտկում է այն»


Վրաստանի հայաբնակ Ջավախքի նահանգապետ Գեորգի Խաչիձեն խոստովանել է, որ «իրադրությունը Ջավախքում շատ ծանր է՝ տնտեսությունը լիովին ավերված է, գործազրկություն է տիրում»: Նահանգապետը, այդուհանդերձ, պնդում է, որ պետությունը փորձում է շտկել կացությունը:

«Ռեգնում» գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում, Խաչիձեն ասել է, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան օգնության ծրագրով Վրաստանին հատկացված 250 միլիոն դոլարի մի զգալի մասը՝ 140 միլիոնը, նախատեսված է ծախսել Ջավախքում:

Անդրադառնալով Ախալքալակից ռուսաստանյան ռազմակայանի դուրս բերմանը, Ջավախքի նահանգապետը կարծիք է հայտնել, որ «այդ ռազմակայանում այնքան մարդ չի աշխատում, որ դա տնտեսապես ազդեր Ջավախքի իրադրության վրա»:

«Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բազմիցս է ասել, որ նրանք, ովքեր աշխատում են ռուսաստանյան ռազմակայանում, կշարունակեն աշխատել վրացական զինմասում, որը կտեղակայվի ռուսականի տեղում, եւ կվարձատրվեն ավելի լավ, քան հիմա», - ասել է Գեորգի Խաչիձեն:

Նահանգապետը բացառել է այլ պետությունների ռազմակայանների տեղակայումը Ախալքալակում:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG