Մատչելիության հղումներ

Կրկին Երեւանում է «Ագոյի խումբը»


Եվրախորհրդի նախարարների կոմիտեի դիտորդական խումբը («Ագոյի խումբ»)՝ Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ, Հայաստանի ստանձնած պարտավորությունների դիտարկումն այսօր Երեւանում սկսեց Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ հանդիպումից:

Բացի հասարակական կազմակերպությունների եւ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչներից, խմբի անդամները երկուշաբթի օրը հանդիպեցին նաեւ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ:

Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպմանը Վեգեները որպես սահմանադրական փոփոխությունների քննարկման կարեւոր արդյունք է նշել ընդդիմության համաձայնությունը՝ մասնակցել հետագա քննարկումներին եւ լիարժեք կերպով վերադառնալ օրենսդրական աշխատանքի:

«Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺԿ նախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց հետ հանդիպմանը խմբի անդամներին հետաքրքրել է, թե «Արդարություն» խմբակցությունը որքանով է հետամուտ լինելու իր հայտարարությանը, թե որոշակի առաջարկներ ընդունվելու դեպքում կմասնակցի սահմանադրական փոփոխությունների գործընթացին:

Վերահաստատելով՝ խմբակցության ներկայացուցիչներն ասել են, որ վերջնական խոսքը կասեն հուլիսի 7-ից հետո, երբ տեսնեն, թե իշխանություններն ինչ նախագիծ ուղարկեցին Եվրախորհուրդ:

«Ազգային միաբանություն» ընդդիմադիր խմբակցությունն այսօր հրաժարվել է հանդիպել Ագոյի խմբի անդամներին՝ քանի դեռ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների բոլոր առաջարկները փաստացի չեն ամրագրել նախագծում:

Շավարշ Քոչարյանը համոզված է, որ հենց իշխանության ներսում կան մարդիկ, որոնք կողմ չեն այսպիսի առաջադեմ փոփոխություններով Սահմանադրությանը:

«Բազմաթիվ մարդիկ, որոնք բավական ազդեցիկ են թե’ ստվերային տնտեսությունում, թե’ իշխանական կառույցում, հասկանում են, որ եթե համակարգը լինի ժողովրդավարական, իրենք տեղ չունեն: Փորձելու են ամեն ինչ անել՝ եթե ոչ բացահայտ, ապա ստվերային, որպեսզի հանրաքվեն չկայանա», - ասաց Քոչարյանը՝ վստահություն հայտնելով, որ իշխանությունը «ստիպված է եղել» համաձայնել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին:

Ագոյի խմբի անդամների հետ այսօր խոսվել է նաեւ Ընտրական օրենսգրքում նորից փոփոխություններ անելու, եւ ընտրական հանձնաժողովները հավասարակշռող մեխանիզմ ամրագրելու մասին:

Մինչեւ հուլիսի 7-ը Սահմանադրության փոփոխությունների հեղինակները պետք է նաեւ լուծում մշակեն, որով Ազգային Ժողովը նույնպես դեր պիտի ունենա հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը վերահսկող երկու հանձնաժողովների ձեւավորման հարցում. նաեւ այսպիսի պարտավորություն են հայաստանցիներն ստանձնել նախորդ շաբաթ եվրոպացի փորձագետների հետ ստորագրած հուշագրում:

Ներկայումս միայն երկրի նախագահն իրավունք ունի նշանակելու այդ հանձնաժողովների անդամներին: «Մելտեքս» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանին այս հեռանկարն «Ա1+»-ի եթեր վերադարձի հույսեր չի ներշնչում:

«Քանի որ որոշումներ եւ պարտավորություններ շատ են առաջարկվել, եւ մինչեւ այսօր ոչ մի լուծում չեն գտել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մովսեսյանը: - «Եթե մի բան էլ անեն՝ դա արվելու է զուտ ցուցադրական... Ես ոչ մի հավատ չունեմ այսօրվա իշխանության նկատմամբ, նաեւ՝ Ազգայի ժողովի նկատմամբ: [Նրանք] մտածում են միայն իրենց շահերը պաշտպանելու մասին»:

Երեքշաբթի օրը նախատեսված են «Ագոյի խմբի» անդամների հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG