Մատչելիության հղումներ

logo-print

Հավատացյալները շարունակում են բողոքել ընդդեմ սոցիալական քարտերի


Երկուշաբթի օրը սոցիալական քարտեր ստանալուց հրաժարված մի խումբ հավատացյալներ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչիկ Ստամբոլցյանի գլխավորությամբ բողոքի նստացույց են կազմակերպել կառավարության շենքի մոտ:

Բողոքավորները հայտարարում են, որ նստացույցը շարունակելու են մինչեւ իրենց բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ստանալը:

Կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանին, ով հանդիպեց ցուցարարներին, վերջիններս բազմաթիվ հարցեր ուղղեցին: Ցուցարարներից ոմանք պնդում էին, թե ընդհանրապես պետք է վերացնել սոցիալական քարտերը, մյուսները՝ թե անհրաժեշտ է փոփոխություններ կատարել համապատասխան օրենքում:

Այս տարվա հունվարից, հիշեցնենք, Ըստ «Սոցիալական քարտերի մասին» օրենքի, նման քարտեր չունեցող Հայաստանի քաղաքացիները չեն կարող, օրինակ, կենսաթոշակ ստանալ:

«Ես միայնակ թոշակառու եմ: Վեց ամիս է արդեն ես թոշակ չեմ ստանում. ինչպե՞ս եք ընդունում դա», - տիկին Խառատյանին դիմեց ցուցարարներից մեկը:

Հրանուշ Խառատյանը համաձայնեց, որ այս դեպքում խախտվել է «համարակալված» սոցիալական քարտեր ստանալուց հրաժարվող հավատացյալների սահմանադրական իրավունքը:

«Այս դեպքում մարդու իրավունքն է իսկապես իր խղճին դեմ չգնալ», - ասաց նա՝ շարունակելով. - «Մենք այստեղ լուծում պետք է գտնենք»:

Խառատյանը փոխանցեց, որ մի խումբ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մշակված համապատասխան օրենքում փոփոխությունների առաջարկությունները ներկայացվել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որի պաշտոնյաները դեռեւս չեն քննարկել դրանք:

Հրանուշ Խառատյանը ցուցարարներին խոստացավ երկու օրվա ընթացքում հարցը ներկայացնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG