Մատչելիության հղումներ

Իրանի նախագահ է ընտրվել պահպանողական Մահմուդ Ահմադինեջադը


Ուրբաթ օրը Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել Թեհրանի քաղաքապետ, պահպանողական Մահմուդ Ահմադինեջադը: Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Ահմադինեջադը ստացել է քվեների 61,75, նրա մրցակից, Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին՝ 35,8 տոկոսը:

ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը իր առաջին ելույթում ընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե մտադիր է կառուցել «ժամանակակից, առաջադիմական, իսլամական պետություն, որը օրինակ կծառայի ամբողջ աշխարհի համար»՝ համախմբման կոչով դիմելով Իրանի պահպանողականներին եւ բարեփոխումների կողմնակիցներին:

«Իրանը ընտրել է սեփական ուժերի վրա հիմնված զարգացման ուղին, եւ այս ճանապարհին Միացյալ Նահանգների կարիքը չի զգացվում», - իր առաջին ասուլիսում հայտարարել է Իրանի նորընտիր նախագահը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը կիրակի օրը հայտարարել է, թե Մահմուդ Ահմադինեջադը «ժողովրդավարության ընկերը չէ»՝ «կեղծ» բնութագրելով Իրանում կայացած ընտրությունները:

«Նա վայելում է այաթոլլաների աջակցությունը, որոնք թելադրում են երկրի ժողովրդին, թե ինչպես ապրել: Իմ կարծիքով, ժամանակի ընթացքում երիտասարդները եւ կանայք անընդունելի կհամարեն Ահմադինեջադին եւ նրա տերերին», - ասել է Դոնալդ Ռամսֆելդը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG