Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների սկզբունքային հարցերի շուրջ համաձայնությունը կայացել է


Ստրասբուրգում այսօր ավարտվեցին Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի քննարկումները Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների մասնակցությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիովանի Բուկիկիոյի խոսքերով, համաձայնություն է ձեռք բերվել «բոլոր վիճելի հարցերի շուրջ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բուկիկիոն ասաց, որ, ըստ կայացած պայմանավորվածության, մինչեւ հուլիսի 7-ը սահմանադրական բարեփոխումների (ձեռքբերված համաձայնությունների հիման վրա) նոր տեքստ կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, որի փորձագետները իրենց տեսակետը Հայաստանի իշխանություններին կփոխանցեն մինչեւ հուլիսի 20-ը:

«Այսօր մեծ օր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպայի համար», - ասաց Բուկիկիոն:

Հայաստանը տեղի ունեցած քննարկումներին ներկայացնում էին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Սահմանադրական բարեփոխումների հարցերով նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, մեկական ներկայացուցիչներ կառավարող կոալիցիան կազմող կուսակցություններից (ՀՀԿ, «Օրինաց երկիր», Դաշնակցություն) եւ իրավաբան Վարդան Պողոսյանը:

«Բոլոր երեք վիճահարույց սկզբունքային հարցերի շուրջ ձեռք բերվեցին համաձայնություններ՝ սկզբունքների տեսքով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Պողոսյանը՝ ավելացնելով. - «Հայաստանի պատվիրակությունը [այդ համաձայնությունները] պետք է վերածի սահմանադրական փոփոխությունների նախագծի»:

Պողոսյանը ասաց, որ խոսքը, առաջին հերթին, «իշխանությունների հստակ բաժանման եւ հավասարակշռության» մասին է: «Այս խնդրում կարեւորագույնը վարչապետին հանրապետության նախագահի ազատելու դիսկրեցիոն լիազորության վերացումն է», - շարունակեց Վարդան Պողոսյանը: Նրա փոխանցմամբ, վարչապետին պաշտոնանկ անելու իրավասությամբ օժտված է լինելու միայն Ազգային ժողովը: Բացի այդ, երկրի նախագահը պարտավոր կլինի վարչապետ նշանակել այն անձին, ով «վայելում է Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը»:

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետի պաշտոնը ընտրովի դարձնելու խնդրին՝ Պողոսյանը փոխանցեց, որ քննարկումներում այդ հարցը բուռն բանավեճեր է հարուցել. - «Ըստ ստորագրված հուշագրի, Սահմանադրությամբ պետք է ճանաչվի այն սկզբունքը, որ Երեւանը տեղական ինքնակառավարման միավոր է, եւ որ Երեւանի քաղաքապետը ընտրվում է՝ ինչպես դրանք նախատեսված են տեղական ինքնակառավարման եվրոպական սկզբունքներով»:

Պողոսյանը հավելեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրության կարգը (ուղղակի` բնակչության կողմի՞ց, թե՞ անուղղակի՝ մայրաքաղաքի ավագանու կողմից) պետք է կարգավորվի օրենքով:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG