Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն «խորապես մտահոգված է» Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ընթացքով


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հինգշաբթի օրը «լուրջ մտահոգություն» է արտահայտել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքի կապակցությամբ:

Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւը հիշեցրել է, որ 2001 թվականին Եվրամիությանն անդամակցելու առանցքային պայմաններից է եղել նախագահի լիազորությունների կրճատումը: Նշվել է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները շարունակաբար խախտել են սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացնելու Եվրախորհրդի վերջնաժամկետները եւ պետք է նախագիծը հանրաքվեի դնեն մինչեւ գալիք նոյեմբերը:

«Վեհաժողովը խորապես մտահոգված է, որ սահմանադրական փոփոխությունները համաձայնեցնելն ու ընդունելը հետաձգելը դանդաղեցնում է քաղաքական կյանքի առանցքային ոլորտներում Հայաստանի առաջընթացը դեպի եվրոպական ժողովրդավարան նորմերը ու ստանդարտները», - ասված է բանաձեւում:

ԵԽԽՎ-ն նախագահ Քոչարյանին եւ իշխող կոալիցիային հորդորում է ընդունել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները, որոնցով ավելի մեծ լիազորություններ կտրվեն Ազգային ժողովին, կամրապնդվի դատական համակարգի անկախությունը եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդառնա ընտրովի:

Հայաստանի խորհրդարանի կողմից մայիսին առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների փաթեթը արժանացել էր Վենետիկի հանձնաժողովի խիստ քննադատությանը: Հայաստանի իշխանությունները Երեւանում հանձնաժողովի փորձագետներին հունիսի 2-ին խոստացել էին ընդունել նրանց առաջարկությունները:

«Վեհաժողովը պնդում է, որ վերջնական փոփոխությունները համապատասխանեն Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին եւ դրվեն Ազգային ժողովում վերջնական քվեարկության», - ասված է բանաձեւում:

«Կարեւոր է, որ մենք որոշակի ճնշում գործադրենք մեր հայ բարեկամների վրա», - ասել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Էրիկ Յուրգենսը՝ նախազգուշացնելով, թե նույն հիմնախնդիրների առկայության դեպքում Վենետիկի հանձնաժողովը կվերանայի Հայաստանի կառավարությանը խորհրդատվություն տրամադրելու հարցը:

Մեկ այլ խորհրդարանական՝ Մաթեաս Էօրսին խիստ քննադատության ենթարկեց ներկայացված փոփոխությունների նախագիծը: «Ամենադաժան դրույթն այն է, որ դատական իշխանության ներկայացուցիչները նշանակվելու է գործադիրի կողմից, եւ ես հիշեցնում եմ հայ ժողովրդին, որ այդպես մեկ անգամ արդեն եղել է», - ասել է նա: - «Դա փորձել էր անել Ստալինը, ինչը մեծ տառապանքներ պատճառեց երկրին: Հայ ժողովուրդը չպետք է կրկնի այդ սխալը»:

Վեհաժողովը նաեւ, ափսոսանք հայտնելով, որ հայաստանյան ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանական նիստերը, հույս է հայտնել, թե իշխանությունների կողմից Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների (դրանք նաեւ ընդդիմության պահանջն են) ընդունումը հնարավորություն կստեղծի, որ ընդդիմությունը վերադառնա Ազգային ժողով:

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, մինչդեռ, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ես արտահայտում եմ իմ անձնական տեսակետը եւ կարծում եմ, որ ընդդիմությունը խորհրդարան վերադառնալու որեւէ նպատակ պետք է չունենա»:

Նրա համոզմամբ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական բարեփոխումների հարցում կանգնած է «փակուղու առջեւ»՝ Վենետեկի հանձնաժողովի առաջարկները ինչպես ընդունումը, այնպես էլ չընդունումը «ճակատարգրական է լինելու նրա համար»:

Դալլաքյանի փաստարկմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ընդունելու դեպքում Հայաստանը կունենա ժողովրդավարական չափանիշերին համապատասխանող Սահմանադրություն, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի գործող վարչակազմի փլուզմանը, իսկ չընդունվելու դեպքում՝ «Եվրոպան կդիմի սանկցիաների, ինչն էլ երկրի ներսում լուրջ զարգացումների պատճառ կդառնա»:

«Ելքը մեկն է՝ Քոչարյանի վարչախումբը խաղաղ ճանապարհով պետք է հեռանա», - ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունները ամբողջությամբ չեն կատարելու Վենետիկի հանձնաժողովի պահանջները: Նրա ձեւակերպմամբ, կրկին փորձ է արվելու «մանր գավառական խորամանկությամբ վիժեցնել» հանձնաժողովի առաջարկությունները:


Արմեն Զաքարյան, Ստարսբուրգ եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG