Մատչելիության հղումներ

«Ղ-Տելեկոմ»-ը կսկսի աշխատել հուլիսի 1-ից


Հայաստանյան բջջային կապի երկրորդ օպերատորը ծառայությունները կմատուցի «ՎիվաՍել» ապրանքանիշով:

«ՎիվաՍել»-ը Հայաստանի քաղաքացիների համար խորհրդանշում է նոր ժամանակաշրջան հեռահաղորդակցության ոլորտում», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ղ-Տելեկոմ»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Երիքյանը: - «Ընկերության ապրանքանիշը խորհրդանշում է կյանք, ազատություն եւ եռանդ»:

Երիքյանը խոստացավ «բարձրորակ եւ տարաբնույթ ծառայություններ. - «SMS՝ կարճ հաղորդակցության ծառայությունը, VMS` ձայնային փոստի ծառայությունը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ծառայություններ եւ հնարավորություններ»:

«Մեկ ամսվա ընթացքում կներմուծվի ռոումինգ ծառայությունը, իսկ մոտ ապագայում՝ GPRS ծառայությունը, որը հնարավորություն կտա բաժանորդներին հեռախոսից միանալու ինտերնետին», - ավելացրեց նա:

Առաջին իսկ օրվանից «ՎիվաՍել»-ը առաջարկելու է կանխավճարային եւ պայմանագրային բջջային կապի քարտեր:

Ռալֆ Երիքյանը, պնդելով, որ իրենց առաջարկած ծառայությունները բաժանորդների համար «շահավետ» են լինելու՝ չհրապարակեց, սակայն, իրենց սահմանած սակագները:

Հարկ է հիշեցնել, որ «ԱրմենՏել»-ը հայտարարել է հուլիսի 1-ից բջջային կապի սակագների իջեցման մասին:

Սակագների առնչությամբ Երիքյանը ասաց միայն, որ դրանց մասին կհայտարարվի հունիսի վերջին՝ ավելացնելով, որ առաջարկելու են «տարբեր փաթեթներ՝ ընտրությունը թողնելով պոտենցիալ բաժանորդներին:

Գործադիր տնօրենը հավաստիացրեց, որ «ՎիվաՍել»-ի քարտերը մատչելի կլինեն բոլոր ցանկացողների համար:

Նա վստահեցրեց, որ առաջին իսկ օրվանից բջջային կապի ծածկույթը տարածվելու է մայրաքաղաքում, Արմավիրի, Արարատի շրջաններում, մասամբ նաեւ՝ Արագածոտնում, Գեղարքունիքում եւ Կոտայքում:

«Օրեցօր «ՎիվաՍել»-ի ծածկույթը կապահովվի Հայաստանի ողջ տարածքում, իսկ մոտ երեք ամսից ցանցը հնարավորություն կունենա սպասարկել ավելի քան 300 հազար բաժանորդի», - խոստացավ Երիքյանը:

Մինչեւ այսօր «Ղ-Տելեկոմ»-ը Հայաստանում կատարել է ավելի քան 75 միլիոն դոլարի ներդրում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG