Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»


Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի «Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»:

«Մոսկվայում համարում են, որ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը չպետք է կախված լինի Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումից», - ըստ «Ֆրանս Պրես»-ի, ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հատուկ նշում է, թե «ընտրություններում որպես դիտորդ հանդես եկած Ռուսաստանի քաղաքացիները Լեռնային Ղարաբաղում էին գտնվում սեփական նախաձեռնությամբ եւ որպես անհատներ»:

«Մոսկվան հետեւողականորեն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչպես եւ միջազգային իրավունքի այլ նորմերն ու սկզբունքները», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը ասել է արտգործնախարարության աշխատակիցը:

«Ղարաբաղի հետագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կամ սպառնալիքի կիրառման եւ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում՝ բոլոր կողմերի միջեւ բանակցությունների միջոցով», - նշել է դիվանագետը:

«Ռուսաստանը ձգտում է Մինսկի խմբի գործընկերների հետ միասին ակտիվ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին՝ հնարավորին չափ արագ կերպով հասնելու ճգնաժամի հանգուցալուծմանը», - հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG