Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ու Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով չորեքշաբթի առավոտյան Մոսկվա է մեկնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, Ռոբերտ Քոչարյանը այսօր Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները», - փոխանցում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը: - «Մասնավորապես խոսվել է գարնանը Երեւանում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, ներդրումային ծրագրերի եւ էներգետիկ խնդիրների մասին»:

Չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահը մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին:

Իսկ ՀԱԿՊ անդամ պետությունների նախագահների հանդիպմանը նախորդել է այդ երկրների արտգործնախարարների եւ պաշտպանության նախարարների հանդիպումը:

Հայաստանի պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը հաշվի է առնում տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները:

«Ես համարում եմ, որ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպությանը անդամակցելը այսօր Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մասերից մեկն է», - ասել է Սերժ Սարգսյանը: - «Մենք վերջին տարիներին բավական խորացրել ենք մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, Միացյալ Նահանգների հետ, եւ ես համոզված եմ, որ մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ բոլորովին խոչընդոտ չեն հանդիսանում մեր համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ եւ հակառակը»:

«Որովհետեւ, մեր կարծիքով», - փաստարկեց Հայաստանի պաշտպանության նախարարը, - «երկու կազմակերպությունների հետ համագործակցությունը իրար փոխլրացնում է: Որեւէ հակասություն ես այստեղ չեմ տեսնում»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG