Մատչելիության հղումներ

Վրաստանը ցանկանում է հյուրընկալել 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չորեքշաբթի օրը Ազգային օլիմպիական կոմիտեի նիստում հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է 2014 թվականի Ձմեռային օլիմպիադան Բորժոմիում եւ Բակուրիանում անցկացնելու հայտ ներկայացնել:

Սահակաշվիլին արդեն ստորագրել է համապատասխան փաստաթուղթը, որը կուղարկվի Միջազգային օլիմպիական կոմիտե:

«Վրաստանը վերստին պետք է դառնա սպորտային երկիր, 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտն ունի կոնկրետ խորհրդանշական ուղերձ՝ դրանով երկիրը հայտարարում է, որ ցանկանում է խաղաղ զարգանալ եւ չի ուզում կոնֆլիկտներ ու արյունահեղություն», - ասել է Սահակաշվիլին:

Ռուսաստանյան «Սովետսկի սպորտ» օրաթերթի փոխանցմամբ, Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, մեծահարուստ գործարար Բադրի Պատարկացիշվիլին ասել է, թե կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքները վկայում են, որ Վրաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ եւ լավ հնարավորություններ 2014 թվականի ձմեռային օլիմպական խաղերը հյուրընկալելու համար:

Ավելի քան 40 տարի առաջ Բակուրիանիում եւ Բորժոմիում կառուցվել են մարզական կենտրոններ, որտեղ անցկացվել են միջազգային մրցումներ եւ ուսումնամարզական հավաքներ: Ներկայումս Բակուրիանիում կառուցվում է լեռնադահուկային մեծ համալիր, որը 2-3 տարուց պատրաստ կլինի: Բացի այդ, Բակուրիանիում կառուցվում է հյուրանոցների համալիր, որի արժեքը կազմում է 70 միլիոն եվրո:

Մասնագետների գնահատմամբ, Օլիմպիադան անցկացնելու համար անհրաժեշտ մարզական եւ հյուրանոցային համալիրները կառուցելու համար կպահանջվի մոտ 2 միլիարդ դոլար:

«Վրաց գործարարների կարողությունները ի զորու են այդ ծրագիրը սկսելու եւ մինչեւ 2010 թվականը ավարտելու համար», - հայտարարել է Բադրի Պատարկացիշվիլին:

2014-ի ձմեռային օլիմպիադայի անցկացման հայտերը հավակնորդ երկրները պետք է ներկայացնեն մինչեւ այս տարվա հուլիսի 28-ը: Միջազգային օլիմպիական կոմիտեն 2006 թվականի հունիսին պետք է հաստատի թեկնածու երկրների վերջնական ցուցակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG