Մատչելիության հղումներ

Համլետ Գասպարյան. «Քանի դեռ չկա պարզություն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, վաղաժամ է որեւէ այլ խնդիր քննարկելը»


«Բանակցային գործընթացում յուրաքանչյուր կողմ իրավասու է խոսել ցանկացած հարցի մասին: Սակայն, դա չի նշանակում, որ մի կողմի ներկայացրած առաջարկն ինքնաբերաբար օրակարգային է դառնում, եւ դա չի նշանակում, որ դրա շուրջ կա որեւէ համաձայնություն՝ նույնիսկ նախնական», - երեքշաբթի օրը հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը:

Պատասխանելով Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների վերջին հանդիպման ժամանակ ճանապարհների բացման հարցը քննարկելու մասին՝ «Ռեգնում» գործակալության հարցին, Գասպարյանը ասել է. - «Հայաստանի դիրքորոշումն այդ հարցերի շուրջ հստակ է. առաջնայինը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Եվ քանի դեռ չկա պարզություն ու համաձայնություն այս հարցի վերաբերյալ, վաղաժամ է որեւէ այլ խնդիր քննարկելը»:

Երկուշաբթի օրը Բաքվում կայացած ասուլիսում Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, թե Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է«ընդհանուր օգտագործման» ճանապարհ բացել Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի տարածքներով:

«Այդ ծրագրի առավելությունն այն է, որ եթե ճանապարհն օգտագործեն երկու կողմերն էլ, նրանցից ոչ մեկին ձեռնտու չի լինի շրջափակումը, ինչը կունենա ինչպես պրագմատիկ, այնպես էլ քաղաքական նշանակություն», - նշել էր Ազիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG