Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր դաշինքի անդամը


Լեռնային Ղարաբաղում անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Դաշնակցություն – Շարժում-88» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Պավել Մանուկյանը երեքշաբթի օրը դեմքի կապտուկներով եւ ուղեղի ցնցումով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:

Հոսպիտալի գլխավոր բժշիկ Գեւորգյանը հրաժարվեց ասել, թե արդյոք Մանուկյանի վնասվածքները ծեծի հետեւանք են՝ փոխանցելով սոսկ, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մանուկյանի կինը, մինչդեռ, ամուսնուն տեսակցելուց անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ինքը համոզված է, որ Պավելին ծեծի են ենթարկել:

Տիկին Մանուկյանի խոսքերով, իր ամուսնուն զանգահարել եւ տանից դուրս են կանչել ժամը 11-ին, եւ մեկ ժամ անց իրենց արդեն տեղեկացել են, որ Պավելը հոսպիտալում է:

Հոսպիտալի մոտ հավաքվածներից մի քանիսը, ովքեր հրաժարվեցին ներկայանալ, պնդեցին, թե հիվանդասենյակում Պավել Մանուկյանը արտաբերել է պաշտպանության նախարարության համակարգին առնչվող մարդկանց անուններ:

«Դաշնակցություն – Շարժում-88» դաշինքի ղեկավարներից Գեղամ Բաղդասարյանի կարծիքով, կատարվածը «իշխանությունների ձեռքի գործն է»: Նրա փաստարկմամբ՝ Պավել Մանուկյանը «այն մարդը չէ, ում նկատմամբ այլք կարող էին հաշվեհարդար տեսնել»: «Մարտական խաչ» շքանշանակիր Մանուկյանը քարոզարշավի ընթացքում ամենահամարձակ խոսողներից էր: Բաղդասարյանի փոխանցմամբ, Մանուկյանը քրեական դաշտից չէ՝ ընդդիմության դաշտից է, ուրեմն «առաջին հերթին հակառակորդ ճամբարից պետք էր սպասել»:

Միջադեպը անցած ընտրությունների հետ է կապում նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ, «Դաշնակցություն – Շարժում 88»-ի համակիրներից Էդուարդ Աղաբեկյանը:

«Դաշնակցություն – Շարժում 88» դաշինքը միջադեպի կապակցությամբ պատրաստում է հատուկ հայտարարություն:


Ռուզան Խաչատրյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG