Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններից հետո լույս տեսած հայաստանյան թերթի հրապարակումները վերնագրված են՝ «Ընտրություններում հաղթեց ժողովուրդը», «Ընտրությունները՝ ազատ, արդար եւ թափանցիկ», «Ասացին՝ լոխ լավ ա», «Ընտրությունները՝ իրական անցաթուղթ դեպի երկրի միջազգային ճանաչում», «Ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի»:

«Իրավունք» թերթը «Արցախյան ընտրությունները որպես Հայաստանի ապագայի մոդելներից մեկը» վերնագրի ներքո գրում է. - «Կարելի է եզրակացնել, որ Արցախում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը տոնեց իր վարչական եւ ֆինանսական ռեսուրսների հաղթանակը: Եվ դա այն պայմաններում, որ Արցախում ընդդիմության մաս էր կազմում Հայաստանում իշխանության մաս կազմող Դաշնակցությունը... Իսկ դա հենց Հայաստանում կարող է ունենալ հեռուն գնացող հետեւանքներ», - խորացնում է վերլուծաբանը: - «Եթե Սերժ Սարգսյանին իրոք հաջողվի ստանձնել իրավահաջորդությունը, ապա տոկոսային առումով 2007-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում պետք է ակնկալել հունիսի 19-ի արդյունքների կրկնությունը»: «Անշուշտ ստեփանակերտյան դասերը չեն կարող չանհանգստացնել ոչ միայն ջախջախիչ պարտություն կրած ՀՅԴ-ին, այլեւ «Օրինաց երկիր»-ին ու ՀՀԿ-ին՝ Ազգային ժողովի խոսնակով եւ վարչապետով հանդերձ», - ընդլայնում է «Իրավունք»-ը:

Նույն թերթում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, անդրադառնալով Հայաստանի սահմանադրական փոփոխությունների խնդրին, նկատում է. - «Եթե ընդունվի նորմալ Սահմանադրություն, որն ապահովի դատական իշխանության իրական անկախությունը, իշխանության ճյուղերի ապակենտրոնացումը, Երեւանի քաղաքապետի ընտրովիությունը, գլխավոր դատախազի՝ Ազգային ժողովի կողմից հաստատումը եւ օրենսդրին հաշվետու լինելը, ապա Հայաստանում որեւէ հիմք չի լինի գունավոր կամ այլ տիպի հեղափոխության համար»: Իսկ այդպիսի Սահմանադրություն չընդունվելու դեպքում, ըստ Սամվել Բաբայանի՝ «ներկայիս թերի նախագիծն առաջարկած եւ մինչեւ վերջ պաշտպանող կոալիցիայի կուսակցությունները հանրաքվեով մերժվելու պարագայում միգուցե ստիպված լինեն հեռանալ քաղաքական ասպարեզից. դա կարող է լինել այդ քաղաքական ուժերի վերջը»:

«Հայկական ժամանակ»-ը, արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում ընտրություններն անցան առանց լուրջ ընդհարումների, առանց քվեաթերթիկների լցոնումների, քվեատուփեր գողանալու կամ մի թեկնածուի օգտին տրված քվեաթերթիկները մյուսի օգտին հաշվելու, արձանագրությունները կեղծելու դեպքերի, նաեւ ներկայիս պարագայի համար նկատի ունենալով ուժերի հարաբերակցության փոփոխությունը՝ առանձնացնում է խորհրդարանի ղեկավարի խնդիրը. - «Այսօր Ստեփանակերտում հնչող ամենաակտուլ հարցը հետեւյալն է. ո՞վ կլինի Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ապագա նախագահը: Հարցն առավել հետաքրքիր է դառնում, եթե նկատի ունենանք, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունն այլեւս չունի որակյալ մեծամասնություն»:

«Առավոտ»-ի խմբագրականը եւս անդրադառնալով Ղարաբաղի ընտրությունների նորմալ անցկացմանը, եզրահանգում է. - «Ղարաբաղի ընտրությունների ֆենոմենի բացատրությունը գուցե շատ ավելի պարզ է՝ պարզապես այնտեղի ժողովուրդը, ի տարբերություն Հայաստանի քաղաքացիների, սեփական ճակատագիրը որոշակիացնելու հարցում այնքան համախումբ ու միակամ է, որ պարզապես թույլ չի տա սեփական իշխանություններին գործել իր կամքին հակառակ»:

«Գոլոս Արմենիի» թերթը ղարաբաղյան ընտրությունները լուսաբանելուց բացի, հետադարձ հայացք ձգելով Հայաստանի խորհրդարանի գործունեությանը, հիշեցնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Ռաֆիկ Պետրոսյանի գնահատականը՝ պատգամավորների 70 տոկոսը օրինաստեղծ գործունեությամբ չի զբաղվում: «Իրականում օրինաստեղծ գործունեությամբ չի զբաղվում պատգամավորների 90 տոկոսը», - զարգացնում է մեկնաբանը» - «Վերջապես ժամանակն է արձանագրել, որ մեր ժամանակներում օրինաստեղծ աշխատանքը դադարել է լինել ժողովրդի ընտրյալների հիմնական զբաղմունքը»: «Փողոցում դիմեք ցանկացած մարդու՝ խնդրելով գտնել պատգամավոր բառի հոմանիշը, եւ դուք կլսեք՝ օլիգարխ, կոճակ սեղմող, գող, օբյեկտի տեր, կամ էլ՝ ավելի վատ պատասխաններ», - գրում է «Գոլոս Արմենիի»-ն՝ շարունակելով. - «Եվ ամենացավալին այն է, որ մենք արդեն համակերպվել ենք՝ այդպես էլ պետք է լինի: Ընդ որում՝ այնքան ենք համակերպվել, որ նույնիսկ չենք կարող պատկերացնել, թե ինչ ուժեր կներկայացվեն Ազգային ժողովում, եթե չլինեն ոչ ընտրակեղծիքներ, ոչ ընտրակաշառքներ»:


«Համանախագահները մտադիր են հուլիսի 13-ին լինել Ստեփանակերտում: Կարող եմ կռահել, թե ինչ առաջարկություններով են գալու, բայց չեմ կարծում, թե դրանք ինչ-որ ավարտուն սխեմաներ կամ վերջնական որոշումներ են: Նրանք գալիս են հերթական խորհրդակցությունների համար: Չեմ կարծում, որ համանախագահների այդ այցելությունը ճակատագրական նշանակություն է ունենալու», - «Հայոց աշխարհ»-ին ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

Նույն թերթի հարցազրույցում անդրադառնալով Հավաքական անվտանգություն պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը վերանայելու խոսակցություններին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը ընդգծում է. - «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում պարզապես իրատեսական չէ որեւէ դուռ փակելը: ՀԱՊ-ն այսօր Հայաստանի համար բացված դռներից մեկն է, որ կարեւորագույն դեր ունի երկրի անվտանգության ապահովման բաղադրիչների շարքում: Այդ դռան փակման կողմնակիցները պիտի նաեւ մատնանշեն, թե ի՞նչ այլ դուռ է բացվելու դրա փոխարեն... Հետեւաբար՝ այս խոսակցությունները զուտ քաղաքական ենթատեքստ ունեն եւ որոշ քաղաքական ուժերի կողմից շրջանառության մեջ են դրվել ինչ-որ մեկին դուր գալու նպատակով»:

«Ես անելու եմ այն, ինչ պատրաստվում էի անել դեռ մինչեւ ԱՄՆ գնալս, բայց այժմ արդեն՝ շատ ավելի հիմնավոր եւ շատ ավելի ինքնավստահ», - «Հայկական ժամանակ»-ին ասել է ԱՄՆ-ից վերադարձած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Իսկ «Առավոտ»-ին նա փոխանցել է. - «Էական չէ, թե քաղաքական գործիչն ուր է գնում. շատ էական եւ կարեւոր է, թե քաղաքական գործիչը վերադառնալուց հետո ինչ է անում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG