Մատչելիության հղումներ

logo-print

Արազ Ազիմով. «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կկայանա օգոստոսին Կազանում»


«Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունները կկայանան օգոստոսի 26-ին Կազանում գումարվելիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում», - երկուշաբթի օրը Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Ադրբեջանական ANS-ի փոխանցմամբ, Ազիմովը նաեւ նշել է, թե նախագահների հանդիպումից առաջ կարող են կայանալ արտգործնախարարներ Մամեդյարովի եւ Օսկանյանի եւս մեկ կամ երկու հանդիպումները:

Արձանագրելով բանակցային գործընթացում նկատվող ակտիվացումը՝ Ադրբեջանի փոխարտգործնախարարը նաեւ տեղեկացրել է, թե նախատեսված է անցկացնել երկօրյա հանդիպում՝ երկու երկրների փորձագետների մակարդակով:

Ասուլիսում Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է նաեւ, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է «ընդհանուր օգտագործման» ճանապարհ բացել Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի տարածքներով:

«Այդ ծրագրի առավելությունն այն է, որ եթե ճանապարհն օգտագործեն երկու կողմերն էլ, նրանցից ոչ մեկին ձեռնտու չի լինի շրջափակումը, ինչը կունենա ինչպես պրագմատիկ, այնպես էլ քաղաքական նշանակություն», - հայտարարել է Ազիմովը:

Ինչ վերաբերում է ճանապարհի անվտանգության խնդրին՝ Ազիմովի խոսքերով, այն ապահովվելու են միջազգային խաղաղապահ ուժերը: Ըստ նրա, ԵԱՀԿ շրջանակներում 1994 թվականին ստեղծված Բարձր մակարդակի պլանավորման խումբը (ԲՄՊԽ) այսօրվա դրությամբ մշակել է տարածաշրջանում իրականացման եւ ապահովման 4 հայեցակարգ:

«Թե դրանցից որ մեկը կկիրառվի՝ կախված կլինի կողմերի միջեւ ձեռբ բերված համաձայնության մակարդակից», - հայտարարել է Արազ Ազիմով՝ միեւնույն ժամանակ բացառելով օպերատիվ գործողություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների մասնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG