Մատչելիության հղումներ

Հայաստանում կկառուցվի աշխատած միջուկային վառելիքի նոր պահեստարան


Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը հաղորդում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 18-ին ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված «Հայկական ատոմային Էլեկտրակայան» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի պահեստարան կառուցելու մասին օրենքը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Հայկական ատոմակայանի համար առաջին նման պահեստարանը կառուցվել է 2000 թվականին: Օրենքը նախատեսում է արդեն երկրորդ պահեստարանի կառուցումը՝ 50 տարի շահագործման ժամկետով: Մինչ այդ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե պահեստարանի կառուցման համար կպահանջվի շուրջ 10 միլիոն եվրո:

Եվրամիությունը պնդում է Հայկական ատոմակայանի փակման անհրաժեշտության վրա, մինչդեռ հայկական կողմը գտնում է, որ Մեծամորի ատոմակայանը կարող է աշխատել եւս 15 տարի: Դրանից հետո արդեն անհրաժեշտ կլինի գտնել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ կամ կառուցել նոր ատոմակայան, որի համար կպահանջվի շուրջ 1 միլիարդ եվրո:

Երկուշաբթի օրը Երեւանում գումարված Հայաստան - Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական 6-րդ նիստում Եվրահանձնաժողովի Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Հյուգ Մինգարելլին վերստին հաստատել է այդ նպատակներով Հայաստանին 100 միլիոն եվրո տրամադրելու պատրաստակամությունը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG