Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը դրական է գնահատում Փարիզում հունիսի 17-ին տեղի ունեցած հանդիպումը իր ադրբեջանցի պատոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումը, Օսկանյանի ձեւակերպմամբ, «կառուցողական էր, անցավ բավականին լավ մթնոլորտում»:

Փարիզյան հանդիպումը արտգործնախարարների առաջին հանդիպումն էր նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի վարշավյան հանդիպումից հետո: Հանդիպման nախորդ օրը Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Հաշվի առնելով, որ նախագահները վարշավյան հանդիպման ընթացքում որոշ դրական տեղաշարժ էին արձանագրել, մեր ակնկալությունը կլինի այն, որ վաղը կարողանանք նախագահների այդ նախնական պայմանավորվածությանը տալ մի քիչ բովանդակային բնույթ եւ, եթե հնարավոր լինի՝ նաեւ տեքստային տեսք: Եթե դա հաջողվի մեզ, ես կարծում եմ, որ դա կլինի շարունակականությունը նախագահների արձանագրած առաջընթացի կամ, ես կասեի՝ դրա լեզվական ամրագրումը»:

«Դեռեւս չենք կարողացել կոնկրետ այդ հարցը իր եզրակացության հանգեցնել, բայց, համենայն դեպս, ընդհանուր եզրեր երեւում են: Այն հարցը, որ նախագահները մի քայլ առաջ էին տարել՝ թեկուզեւ փոքր, եւ մեզ հանձնարարել էին դա առավել զարգացնել եւ ինչ-որ մի հանգուցալուծման բերել, Փարիզում դա մեզ չհաջողվեց», - երկուշաբթի օրը լրագրողներին ասաց Վարդան Օսկանյանը: - «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները: Մինչ հաջորդ հանդիպում տեղի կունենա համանախագահողների այցը տարածաշրջան, հավանաբար՝ հուլիսի կեսերին»:

Նախարարը ներկայացրեց ղարաբաղյան բանակցությունների միայն ընդհանուր պատկերը՝ նշելով, որ դրանք ներառում են փաթեթի բոլոր տարրերը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից մինչեւ փախստականների հարցը, անվտանգության խնդիրները:

«Ներառյալ խաղաղապահ ուժերի հարցը», - շարունակեց Վարդան Օսկանյանը: - «Վերջիվերջո պետք է ինչ-որ որոշում կայացվի: Բայց այս պահի դրությամբ դեռեւս վաղ է դրա մասին խոսելը»:

Նա այսօր եւս մեկ անգան ընդգծեց, որ Հայաստանի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի խնդիրն է. - «Մինչեւ այդ հարցի շուրջ մենք հստակություն չունենանք, թե ինչ ուղղությամբ է դա գնալու, ես անիմաստ եմ համարում նույնիսկ խոսել կամ քննարկել այլ էլեմենտներ»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններին, նախարարը ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է հերթական ընտրությունների անցկացումը: Նրա խոսքերով, դա եւս մեկ կարեւոր քայլ է Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ավանդույթները, հաստատությունները ամրապնդելու ուղղությամբ:

«[ժողովրդի ընտրյալները] իրենց դրական եւ առավել համարձակ ներդրումը կարող են բերել արդեն Ղարաբաղի հարցի լուծման մեջ: Այդ առումով մենք կարեւորում ենք տեղի ունեցած ընտրությունները», - ասաց Վարդան Օսկանյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG