Մատչելիության հղումներ

Թուրք գիտնականը ձերբակալվել է մաքսանենգության մեղադրանքով


Ուրբաթ ուշ երեկոյան Հայաստանի ազգային անվտանգության ծառայութունը (ԱԱԾ) հաղորդել է, որ հունիսի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է Երեւան – Ստամբուլ չվերթի ուղեւոր, Թուրքիայի քաղաքացի, 1972 թվականին ծնված Եկտան Թուրքիլմազը:

Ըստ հաղորդագրության, նրա ուղեբեռում հայտնաբերվել եւ առգրավվել է 17-20-րդ դարի պատմամշակութային բարձր արժեք ներկայացնող գրականության մեծ խմբաքանակ, որը նա փորձել է արտահանել Հայաստանից՝ թաքցնելով մաքսային հսկողությունից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է Հայաստանի ԱԱԾ քննչական վարչությունը: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Եկտան Թուրքիլմազը կարող է դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման:

Եկտան Թուրքիլմազը ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի «Դյուկ» համալսարանի ուսանող է եւ աշխատում է «Թուրք, քուրդ եւ հայ ազգայնական կուսակցությունների ստեղծումը Թուրքիայում 1908-1930 -ական թվականներին» թեմայով ուսումնասիրության վրա: Նա առաջին թուրք հետազոտողն էր, ով մայիսի սկզբից Հայաստանի ազգային արխիվում ծանոթանում էր իրեն հետաքրքրող փաստաթղթերին:

«Թուրքիայում մարդիկ կարծում են, թե Հայաստանի արխիվները փակ են Թուրքիայի քաղաքացիների համար», - մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր նա: - «Դա ճիշտ չէ: Ես այստեղ եմ: Որեւէ խնդիր չեմ ունեցել մինչեւ հիմա»:

Ավելին՝ նրա խոսքերով, արխիվի ղեկավարությունը ղեկավարությունը ընդառաջ էր գնացել իրեն՝ տրամադրելով որոշակի զեղջեր:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ինքը թուրք պատմաբանին նվիրել էր վերջին տարիներին Հայաստանի ազգային արխիվի հրատարակած գրքերից: Բացի այդ, Թուրքիլմազը Հայաստանի ազգային գրադարանի (որի ընթերցասրահներում նույնպես աշխատել էր) աշխատակիցներից հետաքրքրվել է, թե որ գրախանութներից ու տոնավաճառներից կարող է գրքեր գնել:

«Նա գրքերով հետաքրքրվում էր, եւ ես մի քանի գիրք՝ արդի գրքեր, նվիրել եմ», - ասաց Վիրաբյանը: - «Բայց որ հին գրքեր էր առնում՝ չեմ իմացել»:

Ամատունի Վիրաբյանը չբացառեց, որ թուրք պատմաբանին ոչ ոք չի զգուշացրել, որ Հայաստանից արգելվում է դուրս բերել մշակութային արժեք ներկայացնող գրքերը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG