Մատչելիության հղումներ

Ադրբեջանը չի ճանաչում ղարաբաղյան ընտրությունները


«Ադրբեջանը չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղում կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքները», - երկուշաբթի օրը հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը Բաքվում հրավիրած մամուլի ասուլիսում: - «Դրանք չեն կարող լեգիտիմ համարվել»:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Իլգար Ռասուլովի փոխանցմամբ, փոխնախարարը ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս Փարիզում հայտարարել են, որ «չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը եւ, հետեւաբար, չեն ճանաչում ընտրությունների արդյունքները»:

«Բաքվի տեսակետն ամբողջությամբ համընկնում է Մինսկի խմբի համանախագահների հայտնած կարծիքին», - ասել է Արազ Ազիմովը:

Միաժամանակ նա հայտարարել է, որ «ղարաբաղյան հիմնահարցը հարկ է կարգավորել բացառապես խաղաղ եղանակով, հայ-ադրբեջանական հանդիպումներն անհրաժեշտ է շարունակել»:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը, day.az-ի փոխանցմամբ, ասուլիսում ասել է նաեւ, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է «ընդհանուր օգտագործման» ճանապարհ բացել Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի տարածքներով:

«Մենք առաջարկում են ընդհանուր օգտագործման ճանապարհ եւ հուսով ենք, որ մեր առաջարկությունը դրական արձագանքի կարժանանա», - հայտարարել է Ազիմովը: - «Այդ ծրագրի առավելությունն այն է, որ եթե ճանապարհն օգտագործեն երկու կողմերն էլ, նրանցից ոչ մեկին ձեռնտու չի լինի շրջափակումը, ինչը կունենա ինչպես պրագմատիկ, այնպես էլ քաղաքական նշանակություն»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG