Մատչելիության հղումներ

«Փարիզյան բանակցություններում առաջընթաց արձանագրվեց, բայց դա դյուրին չէր»


«Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի փարիզյան բանակցություններում առաջընթաց արձանագրվեց, բայց դա դյուրին չէր», - շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Թաիր Թագիզադեն:

Վկայակոչելով Մամեդյարովին՝ Թագիզադեն հայտնել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը, թե հունիսի 17-ին Փարիզում կայացած բանակցություններում, որոնց մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, «քննարկվել են հակամարտության կարգավորման հայտնի 7-9 բաղկացուցիչները, որոնց մասին մինչ այդ խոսել էր Մամեդյարովը»:

«Դրանցից են գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերումը, տարածքների ազատումը, խաղաղապահ զորքերի տեղակայումը եւ այլն: Բանակցությունները դիտվում են որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման Պրահայի գործընթացի շարունակություն», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե «առանձնապես մեծ ակնկալիքներ» փարիզյան հանդիպումից պետք չէ ունենալ:

Երկուշաբթի օրը ավելի ուշ նախատեսված է Վարդան Օսկանյանի հանդիպումը լրագրողների հետ: Ակնկալվում է, որ նախարարը կանդրադառնա նաեւ փարիզյան բանակցությունների արդյունքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG