Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը շաբաթավերջին խստորեն քննադատել է ուրբաթ օրը Իրանում կայացած ընտրությունները՝ դրանք անվանելով «ոչ ժողովրդավարական»:

«Իրանում իշխանության գլուխ կանգնած են մարդիկ, ովքեր պետության ներսում ամեն կերպ ճնշում են ազատության բոլոր դրսեւորումները եւ սարսափ ու ահաբեկչություն տարածում ամբողջ աշխարհում», - ասել է Ջորջ Բուշը:

Կիրակի օրը Իրանի իշխանությունները պահանջել են, որ ԱՄՆ նախագահը ներողություն խնդրի հնչեցրած քննադատության համար:

Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին հայտարարել է, թե «ԱՄՆ նախագահի սուր արտահայտությունները դժգոհություն են հրահրում եւ նպաստում են ընտրությունների բոյկոտին Իրանի այլախոհների կողմից, որոնք հանդես են գալիս ներկայիս իսլամական վարչակազմի դեմ»:

Ուրբաթ օրը Իրանում կայացած նախագահական ընտրություններում 7 թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հավաքել քվեների անհրաժեշտ քանակը:

ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, Իսլամական հեղափոխությունից հետո իններորդ նախագահական ընտրություններում առավելագույն քվեներ, ըստ նախնական տվյալների, ստացել են Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Խաշեմի Ռաֆսանջանին՝ 20,8 տոկոս, եւ Թեհրանի քաղաքապետ Մահմուդ Ահմադի-Նեջադը՝ 19,3, որոնք էլ կմասնակեն ընտրությունների երկրորդ փուլին: Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող իրանցիների 62 տոկոսը:

Ամենայն հավանականությամբ, ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 24-ին: Սակայն, եթե մինչեւ չորեքշաբթի օրը առաջին փուլի արդյունքները բողոքարկվեն որեւէ թեկնածուի կողմից, երկրորդ փուլը կարող է հետաձգվել մինչեւ հուլիսի 1-ը: Իրանում բարեփոխումների կողմնակիցները արդեն հայտարարել են, թե երկրորդ փուլում պաշտպանելու են նախկին նախագահ Ռաֆսանջանիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG