Մատչելիության հղումներ

Կայանալու է Հայաստան - Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական նիստը


Երկուշաբթի օրը Երեւանում գումարվելու է Հայաստան - Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական 6-րդ նիստը, որի օրակարգում գերակշռում է հարցերի տնտեսական բլոկը:

Հայկական կողմից նիստում համանախագահելու է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ եվրոպական կողմը ներկայացնում է Եվրահանձնաժողովի Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Հյուգ Մինգարելլին:

Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցնեց, թե նիստի առաջին եւ ամենակարեւոր հարցը լինելու է եվրոպական «Նոր հարեւանություն» ծրագրին Հայաստանի մասնակցության խնդիրը, որի շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագիրը մի քանի օր առաջ Բրյուսելում ներկայացրեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստան ներգրավվել է «Միավորված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի մեջ երկու ամիս առաջ: Այժմ մենք պետք է երկկողմ ձեւաչափով բանակցենք եւ փորձենք մինչեւ տարվա վերջ մշակել քաղաքական գործողությունների ծրագիրը եւ մյուս տարվանից սկսենք իրագործել», - նշեց Տիգրան Դավթյանը:

Հայաստան - Եվրամիության համագործակցության կոմիտեի նիստը կտեւի մեկ օր եւ, բացի «Նոր հարեւանություն» ծրագրից կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են առեւտրատնտեսական համագործակցությունը, բիզնես մթնոլորտի ձեւավորումը, էներգետիկ խնդիրները, ներդրումային համագործակցությունը:

Անդրադարձ կլինի նաեւ Հայաստանի քաղաքական իրավիճակին, կոռուպցիայի խնդիրներին, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG