Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70 տոկոսից ավելին:

Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովը բաղկացած է 33 պատգամավորական տեղերից, որոնցից 22-ը ընտրվում են մեծամասնական ընտրակարգով, 11-ը՝ համամասնական: Ընտրություններին մասնակցում էին 6 կուսակցություն եւ մեկ դաշինք, իսկ մեծամասնական ընտրակարգով 22 տեղերի համար պայքարում էին 106 թեկնածուներ:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, մեծամասնական տեղերից առվազն 11-ում հաղթանակ են տարել Ղարաբաղի իշխող՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչները: Մեծամասնական տեղերի շուրջ մեկ տասնյակում իր հաղթանակի մասին է խոսում «Ազատ հայրենիք» նորաստեղծ կուսակցությունը: Տեղեկությունների կան նաեւ, թե «Դաշնակցություն - Շարժում-88» դաշինքը մեծամասնական ընտրակարգով որեւէ հաղթանակ չունի:

Ըստ Լեռնային Ղարաբաղի օրենսդրության, համամասնական ընտրակարգով պատգամավոր ունենալու համար դաշինքին հարկավոր է հավաքել քվեների 15, առանձին կուսակցությանը՝ 10 տոկոսը:

Կեսգիշերից հետո լրագրողներին ընտրությունների մասին իրենց առաջին տպավորությունը փոխանցեց Չեխիայից, Հունաստանից եւ Խորվաթիայից ժամանած դիտորդական խումբը: Դիտորդները բոլորն էլ բարձր են գնահատել ընտրողների ակտիվնությունը, սակայն տարբեր գնահատականներ տվել ընտրությունների չափանիշերին:

Ըստ Մարդու իրավունքների Խորվաթիայի քաղաքացիական կոմիտեի ներկայացուցիչ Զորան Պուզիչի, «քվեարկությունն անցել է առանց լուրջ ընտրախախտումների»:

Չեխիայից ժամանած իրավապաշտպան Միլան Ստեֆանիկի կարծիքով մինչդեռ, «քվեարկությունը չի կարելի թափանցիկ եւ ժողովրդավարական անվանել», քանի որ իրենց այցելած տեղամասերից 9-ում ինքը խախտումներ է տեսել: Նրա խոսքերով, Ասկերանում ընտրական տեղամասերից մեկի նախագահը չի գրանցել բաց քվեարկության մասին տեղամասային հանձնաժողովի անդամներից մեկի բողոք-դիմումը, իսկ Մարտակերտում դիտորդը ականատես է եղել, թե ինչպես զինծառայողները քվեարկել են Խորհրդային Միության զինվորական գրքույկներով:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ընտրությունների նախօրեին կոչ էր արել Արցախի ժողովրդին անցկացնել Եվրոպայի ժողովրդավարական չափանիշերին համապատասխանող ընտրություններ:

«Առաջիկա ընտրությունները չափազանց մեծ միջազգային կարեւորություն ունեն Լեռնային Ղարաբաղի համար: Ժողովուրդը պետք է աշխարհին ցույց տա, որ ժողովրդավարական բարեփոխումներն Արցախում անկասելի են», - նշել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:


Ռուզան Խաչատրյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG