Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթի ձեւակերպմամբ, Բունդեսթագի կողմից Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների եւ տեղահանման փաստի ընդունումը միաժամանակ նշանակում է, որ Անկարայի այդ դաշնակցի արխիվներում պահվող փաստաթղթերը եւ դրանց ուսումնասիրությամբ զբաղվող գերմանացի մասնագետների կարծիքը միանշանակ է. տեղի ունեցածը ցեղասպանություն է:

«Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւը չի կարելի վերջակետ համարել. որքան էլ այդ բանաձեւը ճշմարտացիորեն ներկայացնում է պատմական փաստը, բայց պաշտոնապես չի ճանաչում եւ դատապարտում ցեղասպանությունը», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում արձանագրում է պատմաբան Աշոտ Հայրունին: - «Սա պետք է համարել հարցի հասունացման փուլերից մեկը՝ յուրատեսակ կամուրջ, որը պետք է ի վերջո բերի հարցի նոր՝ ավելի հանգամանալից քննարկման եւ ցեղասպանության միանշանակ դատապարտման»:

«Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում» արտահատությունը անհրաժեշտ է ամրապնդել գործով», - ընդգծում է «Ազգ»-ի մեկնաբանը: - «Եթե արցախահայությանը հաջողվի իրոք հաստատել ժողովրդավարական կարգեր՝ թեկուզ չճանաչված պայմաններում հարգվեն մարդու իրավունքները, Ղարաբաղում իշխի օրենքը եւ ոչ թե չինովնիկների կամայականությունը, ապա Լեռնային Ղարաբաղն ակնհայտորեն առաջ կանցնի ավտորիտար հակումներով Ադրբեջանից, եւ այս դեպքում միջազգային հանրությունը կարող է հաշվի նստել Ստեփանակերտի իշխանությունների հետ»: ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիր»-ը բանաձեւում է. - «Ազատ Արցախին անհրաժեշտ են ազատ ու արդար ընտրություններ»:

«Այբ ֆե»-ի հարցազրույցում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը շեշտադրում է. - «Մենք չպետք է մոռանանք, որ հայաստանյան հիվանդությունները սողոսկել են նաեւ Ղարաբաղ, եւ Լեռնային Ղարաբաղի մաքրման գործընթացը պետք է սկսել Հայաստանից»: Նույն թերթում անդրադառնալով Սահմանադրության եւ մի շարք օրենքների բարեփոխումների ձգձգումներին, ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանը նկատում է. - «Եվրոպացիների համբերության բաժակն արդեն լցվում է: Թեեւ Եվրախորհուրդը պարտադրելու իրավասություն չունի, այնուամենայնիվ, համբերության բաժակի վերջին կաթիլից հետո հնարավոր են նաեւ իրավիճակի զարգացման հետեւյալ տարբերակները՝ վատագույն դեպքում Հայաստանը կվտարվի Եվրախորհրդից, «լավագույն» դեպքում Հայաստանը կարող է մեկուսացվել եւ դուրս մնալ տնտեսական տարբեր ծրագրերից»:

Ըստ «Հայկական Ժամանակ»-ի, ընդունելով Վենետիկի հանձնաժողովի սկզբունքային առաջարկություները՝ Հայաստանի իշխանությունները ընդդիմությանն ըստ էության մտցրեցին փակուղի. - «Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս պետք է ընդդիմությունը հանրավաքներ անի եւ ժողովրդին կոչ անի դեմ քվեարկել մի Սահմանադրության, որտեղ հաշվի են առնված ե’ւ ընդդիմության, ե’ւ միջազգային կառույցների հիմնական պահանջները»: Այդ կապակցությամբ «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «Հայկական Ժամանակ»-ում պարզաբանում է. - «Եթե անգամ ընդունենք, որ հանաքվեի է դրվելու բացարձակ դեմոկրատական Սահմանադրություն, այդ պրոցեսն իշխանափոխության վերածելու ծրագիրն ուժի մեջ է: Այդ դեպքում մենք ժողովրդին կոչ կանենք կողմ քվեարկել այդ նախագծին՝ քարոզարշավի ընթացքում բացատրելով, որ այդպիսի Սահմանադրությամբ իշխանական բուրգը փլուզվելու է, իշխանությունները թուլանալու են եւ սա հրաշալի առիթ է ազատվելու հանցավոր վարչակազմից»:

«Իրավունք»-ի մեկնաբանը, լարվածության աճ նկատելով կոալիցիայի ներսում եւ զուգահեռաբար՝ արմատականացում ընդդիմադիր դաշտում, ուրվագծում է. - «Ինչքան մոտենում է աշունը, այսինքն՝ սահմանադրական հանրաքվեի ժամկետը, այնքան ավելի է աճում լարվածությունը քաղաքական դաշտում եւ այնքան ավելի ու ավելի են շատանում գործող վարչախմբի նյարդայնության պատճառները»:

«Երկու տարվա խիստ արդյունավետ աշխատանքից հետո իշխող կոալիցիան եկավ մի փրկիչ եզրակացության՝ ստեղծել Խորհուրդ, ուր կմտնեն իշխող կոալիցիայի երեք կուսակցություների ղեկավարները, ինչպես նաեւ, ինքնին հասկանալի է, Ռոբերտ Քոչարյանը», - փաստում է «Առավոտ»-ը՝ պատասխանելով իր իսկ հարցադրմանը, թե ինչի համար է այս խորհուրդը. - «Որպեսզի գլուխ հանի ստեղծված քաղաքական իրավիճակից, երբ հանրապետությունում կազմավորվել է իշխանության չորս բեւեռ՝ որոնց կարծիքները որոշ էական հարցերում չեն համընկնում»:

ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը «Իրավունք»-ում նշում է. - «Որպես կուսակցություն՝ մեր ժողովրդին մենք պարտք ունենք վերադարձնելու: Հույս ունեմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի իրականացնել դա: Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է անենք դա»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG