Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Բունդեստագի որոշումը շրջադարձային է»


«Հայաստանը դրական է գնահատում Բունդեստագի կողմից ընդունված բանաձեւը: Այն կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ», - մեկնաբանելով հինգշաբթի օրը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը՝ հինգշաբթի օրը «Արմենպրես»-ին ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիան տարիներ շարունակ խուսափում էր այդ մասին խոսել եւ ավելի շուտ հակված էր լռության կամ ժխտման, Բունդեստագի որոշումը շրջադարձային է: Հատկապես, որ Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը 1915վականի ողբերգական իրադարձություններին եւ կոչ անում Թուրքիային հաշտվել իր անցյալի հետ», - հայտարարել է արտգործանախարարը:

Նրա խոսքերով, թեեւ բանաձեւը չի օգտագործում «ցեղասպանություն» տերմինը, քանի որ Բունդեստագն իրեն իրավասություն չի վերապահում որակավորում տալ 1915թ. դեպքերին, սակայն «ցեղասպանություն» բառն առկա է նկարագրական մասում, իսկ որոշման մասում այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ կիրառում է «հայոց բնաջնջում» տերմինը:

«Բունդեստագի որոշումը եւս մեկ կարեւոր քայլ է Թուրքիայի Եվրամիության անդամակցության կապակցությամբ հայկական հարցերը առաջիկա աշնանը նախատեսվող բանակցությունների օրակարգում ընդգրկելու առումով», - նշել է Օսկանյանը:

«Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբ, Թուրքիան հինգշաբթի օրը սուր քննադատության է ենթարկել Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը՝ զգուշացնելով, թե «այդ քայլը լուրջ հետեւանքներ կունենա երկու դաշնակիցների միջեւ երկկողմ կապերի վրա»:

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը Բունդեստագի բանաձեւը գնահատել է որպես «անպատասխանատու, սարսափելի եւ վիրավորական»՝ գերմանա-թուրքական երկկողմ հարաբերությունների համար:

«Ցավալի է տեսնել, որ Գերմանիայի խորհրդարանը ուշադրություն չդարձրեց Թուրքիայի նախազգուշացումներին, թե բանաձեւի ընդունումը խորը ցավ կպատճառի Թուրքիայի ժողովրդին եւ բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG