Մատչելիության հղումներ

Օսկանյանը Բրյուսելում ներկայացրել է երկու կարեւոր փաստաթուղթ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը անցնող օրը բնութագրեց որպես «նշանակալի օր Հայաստանի եվրոպական ինտեգրացիոն քաղաքականության համար», քանի որ «երկու կարեւոր փաստաթուղթ ներկայացվեց. մեկը՝ ՆԱՏՕ-ին, մյուսը՝ Եվրամիությանը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Վարդան Օսկանյանը Բրյուսելից հեռախոսով ասաց, որ ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրների դեսպաններին է ներակայացրել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի փաթեթը:

«Այն նոր մակարդակ է ստեղծում Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններում», - ասաց նախարարը: - «Սա արդեն անդամակցությունից մի քիչ ներքեւ ամենաբարձր հնարավոր մակարդակն է, որ որեւէ գործընկեր երկիր ՆԱՏՕ-ի հետ կարող է ունենալ»:

Օսկանյանի խոսքերով, Հայաստանը հույս ունի, որ ներկայացված փաթեթը «իր վերջնական տեսքը կստանա եկող մի քանի ամիսների ընթացքում»:

«Դրանով արդեն մենք կունենանք Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններում մի նոր փաստաթուղթ, որը ուղեցույց կլինի մեր հետագա գործողությունների համար», - ավելացրել Օսկանյանը:

Նրա պարզաբանմամբ, փաստաթուղթն ունի 3 հիմնական ուղղություն. - «Առաջինը դա Հայաստան – ՆԱՏՕ խորհրդատվությունները ավելի ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու հարցն է: Երկրորդը մեր ողջ պաշտպանության համակարգի բարեփոխումներն են: Իսկ երրորդը՝ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին»:

Նախարարը տեղեկացրեց, որ մինչեւ փաստաթղթի ներկայացումը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան – ՆԱՏՕ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունները:

Այսօր Օսկանյանը Բրյուսելում ներկայացրել է նաեւ «Նոր հարեւանություն» քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագիրը:

«Սա, իր հերթին, նոր որակ եւ մակարդակ է հաղորդելու Եվրամիության հետ մեր հարաբերություններին», - ասաց Հայաստանի արտգործնախարարը: - «Այդ շրջանակներում հանդիպել եմ նաեւ գլխավոր քարտուղար Սոլանայի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերարա-Ուոլդների հետ»:

Այս հանդիպումներում քննարկվել են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, Հայաստան – Թուրքիա հարաբերությունները:

Պատասխանելով վաղը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցին՝ թե ինչպիսի սպասելիքներ ունի այդ հանդիպումից, Օսկանյանը ասաց. - «Առանձնապես մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ»:

«Համենայն դեպս, որովհետեւ սա նախագահների հանդիպումից հետո նախարարների առաջին հարդիպումն է, եւ նախագահների հստակ ցուցումները կան արդեն նախարարներին, եւ հաշվի առնելով, որ նախագահները վարշավյան հանդիպման ընթացքում որոշ դրական տեղաշարժ էին արձանագրել, մեր ակնկալությունը կլինի այն, որ վաղը կարողանանք նախագահների այդ նախնական պայմանավորվածությանը տալ մի քիչ բովանդակային բնույթ եւ, եթե հնարավոր լինի՝ նաեւ տեքստային տեսք», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Եթե դա հաջողվի մեզ, ես կարծում եմ, որ դա կլինի շարունակականությունը նախագահների արձանագրած առաջընթացի կամ, ես կասեի՝ դրա լեզվական ամրագրումը»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG