Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ամենակարեւորն այն է, որ փոփոխությունների նախագծի հեղինակ կոալիցիան քաջություն չունի խոստովանել Սահմանադրությունն ավելի ժողովրդավարական դարձնելու գործում իրենց դժկամությունը», - շեշտադրում է «Առավոտ» թերթը: - «Իրական պատճառն այն է, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված առաջարկները միտված են թուլացնելու փաստացի ավտորիտար համակարգը: Նրանք անկեղծորեն ուզում են, որ մենք դառնանք «նոր հարեւաններ»: Իսկ մենք, եթե խոսքերով թոզ փչելը չհաշվենք, մնում ենք հին բոլշեւիկներ»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, երեկ Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի ունեցած կոալիցիոն խորհրդակցության ընթացքում որոշվել է մասնակիորեն ընդունել Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների փաթեթին վերաբերող առաջարկները: Թերթի տեղեկություններով, որոշվել է Սահմանադրության տեքստից ընդհանրապես հանել Երեւանի քաղաքապետի կարգավիճակի մասին դրույթը եւ գրել, որ այդ հարցը կարգավորվում է օրենսդրությամբ: «Քոչարյանը համաձայնել է զիջման գնալ Արդարադատության խորհրդի հարցում, երբ խորհրդի նախագահին նշանակում է ոչ թե հանրապետության նախագահը, այլ Արդարադատության խորհուրդն է իր կազմից ընտրում՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ինչ վերաբերում է կառավարության ձեւավորման գործում Ազգային ժողովի ունեցած դերին՝ քննարկվել է ռումինական կամ լեհական մոդելի Հայաստանում ներդրման հնարավորությունը», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Նույն խորհրդակցության արդյունքների մասին Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում նշում է. - «Լուծումներ գտնվել են բոլոր երեք ուղղություններով էլ, ես կարծում եմ՝ դրանք եվրոպական չափանիշների շրջանակում են»:

«168 ժամ» թերթի մատուցմամբ, իշխանությունների, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի համար իրականում միեւնույն է, թե հանրաքվեի ներկայացվելիք սահմանադրական փոփոխություններին ինչ վերջնական գնահատական կտան եվրոպական կառույցները: «2003 թվականի նախագահական ընտրություններից հետո նույն եվրոպացիները հայտարարեցին, թե դրանք չեն համապատասխանել եվրոպական չափանիշերին», - զուգահեռում է մեկնաբանը: - «Նույն ձեւով եվրոպական չափանիշերին կարող են չհամապատասխանել նաեւ սահմանադրական փոփոխությունները, որոնք, սակայն, կարող են ընդունվել այդ չափանիշերին նույնքան չհամապատասխանող հանրաքվեի միջոցով: Կարեւորը, որ համապատասխանեն «ազգային մեթալիտետին»»:

Անդրադառնալով Ղարաբաղի խորհրդանարական առաջիկա ընտրություններին՝ «Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Նախընտրական պայքարի մասնակից որոշ քաղաքական ուժերի հայտարարությունները ուժային ճնշումների, մարդու իրավունքների ոտնահարման, անօրինականությունների, ընտրակաշառքների մասին անընդունելի են... Առաջիկա ընտրություններում նժարի վրա է դրվում Լեռնային Ղարաաղի ժողովրդի ճակատագիրը։ Ստեղծված կացության մեջ Ղարաբաղը պետք է ապացուցի, որ ինքն ի վիճակի է անցկացնել շատ ավելի ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, քան Ադրբեջանը եւ անգամ Հայաստանը»։ «Հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ թե սոսկ որոշելու է իր խորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավորների անունները, այլեւ ողջ աշխարհին հստակորեն ապացուցելու է, որ ինքը արդեն ժողովրդավարական երկիր է կառուցել», - ընդհանրացնում է թերթը:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հնարավոր է հայտարարի «Արդարություն» դաշինքից դուրս գալու եւ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դնելու մասին: Միացյալ Նահանգներից թերթին փոխանցված լուրերով, Արամ Սարգսյանը հայտարարել է, որ «հետայսու, ի տարբերություն «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի, որը Հայաստանում սահմանադրական ճանապարհով իշխանափոխության կողմնակից է, «Հանրապետություն» կուսակցությունը աջակից այլ կուսակցությունների հետ ընդգծված կերպով կլծվի Հայաստանում հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու գործին»:

«Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում պատասխանելով թղթակցի հարցին, թե հավատու՞մ է արդյոք արտահերթ ընտրությունների հնարավորությանը, Ստեփան Դեմիրճանը ասում է. - «Նկատում եմ, որ այդպիսի հասարակական պատվերը առկա է: Եվ մենք, հասկանալով պատասխանատվությունը, կանենք հնարավոր ամեն բան, որ երկրում սահմանադրական կարգի հաստատումը որքան հնարավոր է շուտ կատարվի»:

«5 օր 50 հազարով նախագահի նստավայրի մոտ կպարենք ու կհասնենք մեր ուզածին», - «Առավոտ»-ի փոխանցմամբ, իրենց շուրջպարի մասին երեկվա հանրահավաքում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով, հուլիսի կեսերից կսկսվեն բանակցությունները ընդդիմադիր ուժերի միջեւ, սեպտեմբերին արդեն ընդդիմությունը կներկայանա նոր ձեւաչափով, հայաստանյան հեղափոխությունը կլինի արդեն աշնանը, որն ավելի շատ պայմանավորված կլինի «արտաքին քաղաքական մոմենտներով»:

«Վահան Զատիկյանի անվան զբոսայգու, զորավար Անդրանիկի ու Հովհաննես Շիրազի արձանների, նոր կառուցվող եկեղեցու աչք շոյող հարեւանությամբ բողոքելու տրամադրություն չի մնում», - նույն հանրահավաքից հաղորդում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի լրագրողը՝ անցնելով հեղափոխությունների ատրիբուտներին. - «Մեկ ուրիշ գույն՝ խամրած նարնջագույնի նմանությամբ, առաջին անգամ էր հայտնվել «Նոր ժամանակներ» կուսակցության հանրահավաքում... Հետո սկսեցին սպիտակ մեխակներ բաժանել՝ հեղափոխական բոլոր գույներն ու բույսերն իրար խառնվեցին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG