Մատչելիության հղումներ

Իշխանությունները Սահմանադրության «լուրջ բարեփոխումների չեն գնա»


Սահմանադրության բարեփոխման անհրաժեշտությունը, ինչպես պարզվեց չորեքշաբթի օրը կայացած քննարկման ընթացքում, ընդունում են անգամ իշխանության նախկին ներկայացուցիչները, ում օրոք ընդունվել է գործող Սահմանադրությունը: Նրանք, մինչդեռ, իրենց բացատրությունն ունեն, թե ինչու է ներկայիս իշխանությունն ուզում փոփոխություններ մտցնել երկրի հիմնական օրենքի մեջ:

Պատճառներից մեկը, ըստ Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի, Եվրախորհրդի պահանջն է, եւ այս փոփոխություններով Ռոբերտ Քոչարյանը փորձում է Արեւմուտքի համար «հերթական իմիտացիան անել», քանի որ «լուրջ բարեփոխումների իշխանությունը միեւնույն է չի գնա»:

Մյուս պատճառը, Հովհաննիսյանի կարծիքով, հետեւյալն է. - «Կամ պարոն Քոչարյանը հույսեր է փայփայում, որ նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա իրեն երրորդ անգամ առաջադրվելու, կամ պարոն Քոչարյանը իր իրավահաջորդին ուզում տալ մի նվեր՝ նոր Սահմանադրություն, որպեսզի իր իրավահաջորդը լինի շատ ուժեղ եւ դրանով իր եւ իր շրջապատի համար հանդիսանա երաշխավոր՝ հետագա գործունեության համար»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով, շատ ավելի կարեւոր էր առաջարկվող փաթեթով սահմանափակել գործադիր մարմնի լիազորությունները, որոնք իսկապես անսահմանափակ են:

Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Վահագն Խաչատրյանի խոսքերով, մինչդեռ, ինչպիսի Սահմանադրություն էլ լինի՝ գործող իշխանության համար «երբեք խնդիր չի եղել ու չի էլ լինի շրջանցել կամ խախտել այն»:

Քննարկման մասնակիցների կարծիքով, չնչին են հույսերը, որ իշխանությունը կընդունի Վենետիկի հանձնաժողովի առաջարկները սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ:

Վենետիկի հանձնաժողովը երեք հիմնական հարց է առաջ քաշել՝ ուղղված իշխանությունների տարանջատմանը. Երեւանի քաղաքապետի պաշտոնի ընտրովի դառնալը, նախագահի լիազորությունների սահմանափակումը Արդարադատության խորհրդի կազմավորման, ինչպես նաեւ կառավարության փոփոխման, լուծարման հարցում: Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների փաթեթը Ստրասբուրգում քննարկվելու է հունիսի 23-ին: Արդեն հունիսի 20-ին Հայաստանի իշխանությունները պետք է ներկայացնեն կոնկրետ փաստաթուղթ:

«Ընդամենը 5 օր է մնացել, որպեսզի պատասխան տրվի: Եվ նույնիսկ այս պայմաններում Ռոբերտ Քոչարյանը չի էլ ուզում հանձնվել: Իշխանությունը որեւէ ձեւով չի ուզում նահանջել՝ շատ լավ հասկանալով, որ ցանկացած համապետական միջոցառում... իր համար լրացուցիչ պրոբլեմ է», - ասաց Վահագն Խաչատրյանը՝ բացատրելով. - «Որովհետեւ ցանկացած համապետական միջոցառման ժամանակ առաջին հերթին պետք է մշակվեն ընտրակեղծիքների կամ կեղծիքների մեխանիզմներ»:

Ազատական առաջադիմական կուսակցության նախագահը վստահություն հայտնելով, որ Սահմանադրության լուրջ բարեփոխում չի լինի, ասաց, թե «փորձ կարվի Սահմանադրությունն ուժեղ ձեռքով անցկացնել՝ կեղծելով մի քանի 100 հազար ձայն»:

«Նրանք ցանկանում են սահմանադրական բարեփոխումները միջազգային հանրության համար շղարշ դարձնել», - շարունակեց Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավարը:

Ազգային անվտանգության նախկին ղեկավարի՝ Դավիթ Շահնազարյանի կարծիքով, ներկայիս իշխանությունը իրավունք չուներ ձեռնարկել սահմանադրական բարեփոխումների գործընթաց, քանի որ նախ ունի լեգիտիմության լուրջ խնդիր, երկրորդ, բազմիցս ոտնահարել է նույն այդ Սահմանադրությունը եւ երրորդ, Հայաստանում չկան ընտրական մեխանիզմներ, որոնք կապահովեն հանրաքվեի արդար անցկացումը:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG