Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ռազմական տեխնիկան Հայաստան փոխադրելը «սպառնալիք չէ»


Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Բալուեւսկին հայտարարել է, թե Ադրբեջանին չպետք է անհանգստացնի Վրաստանից դուրս բերվող ռուսական ռազմակայանների տեխնիկայի մի մասը Հայաստան տեղափոխելը:

«Ես արդեն ասել եմ, որ Վրաստանից Ռուսաստանի ռազմակայանների դուրսբերման կարճ ժամկետները [մինչեւ 2008 թվականի ավարտը] կարող են պահանջել, որ ռազմական տեխնիկայի մի մասը տեղակայվի Գյումրիի 102-րդ ռազմակայանում», - «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կայացած ասուլիսում երեքշաբթի օրը հայտարարել է Բալուեւսկին: - «Դրանով չի փոխվի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում եւ չի խախտվի Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը: Եվ դա չի կարող սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի երկրների համար»:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, իր հերթին, Սանկտ Պետերբուրգում է նույն օրը հայտարարել է, որ ռազմական տեխնիկան փոխադրվում է ռուսաստանյան մեկ ռազմակայանից մյուսը:

«Դրանք Հայաստանին հանձնելու հնարավորությունը չի քննարկվում», - հայտարարել է Սերգեյ Իվանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG