Մատչելիության հղումներ

logo-print

Նախկին խորհրդային հանրապետությունների երկաթուղայինները կհանդիպեն Թբիլիսիում


Հունիսի 15-18-ը Թբիլիսիում կկայանա ԱՊՀ եւ բալթյան երկրների Երկաթուղիների խորհրդի հերթական նիստը:

«Կավկազպրես» գործակալությանը Վրաստանի պետական երկաթուղուց հայտնել են, թե նիստում կքննարկվեն 2005 թվականի առաջին եռամսյակում «երկաթուղիների գործունեությանը, գնացքների մեկնման ժամանակացույցը բարելավելու եւ նոր երկաթուղիների կառուցմանը վերաբերող հարցեր»:

Նախատեսված է նաեւ «Վրաստանի երկաթուղիներ» ձեռնարկության գլխավոր տնօրեն Դավիթ Օնոպրիաշվիլու հանդիպումը իր ռուսաստանցի գործընկեր Գենադի Ֆադեեւի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանն առնչվող հարցեր:

«Կավկազպրես»-ը հաղորդում է նաեւ, թե հունվար-ապրիլ ամիսների ընթացքում բեռնափոխադրումների ծավալը ԱՊՀ երկրներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,5 տոկոսով:

Բեռնափոխադրումների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում՝ 6,5 տոկոս: Ադրբեջանում աճը կազմել է 5,8, Ռուսաստանում՝ 5,7, Վրաստանում՝ 5,6, Հայաստանում՝ 4,4, Ղազախստանում՝ 2,6 տոկոս:

Բեռնափոխադրումների ծավալի կտրուկ նվազում է գրանցվել Մոլդովայում՝ 17,4 տոկոս: Տաջիկստանում այդ ցուցանիշը կազմել է 1,8, Ղրղըզստանում՝ 1,7, իսկ Ուկրաինայում՝ 1 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG