Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Հայաստանը ՀԱՊԿ ամենաակտիվ մասնակիցներից է, կազմակերպության կողմից իրագործվող նախաձեռնություններից շատերը ելնում են հենց Հայաստանից», - ըստ «Ռեգնում» գործակալության, Երեւան մեկնելու առաջ հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան:

Նախատեսվում են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:

Այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան կտեղեկացնի Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված հարցերի, կազմակերպության առաջ ծառացած խնդիրների, դրանց լուծման ուղիների եւ ապագա անելիքների մասին:

Մինչեւ Հայաստան գալը Նիկոլայ Բորդյուժան հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների, ինչպես նաեւ Ղրղըզստանի նախագահի պաշտոնակատարի հետ:

Հունիսի 22-23-ը Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կայանալու են նաեւ կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG