Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան


Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունիսի 13-ին հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Լի Չժաոսինի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, կայացած երկարատեւ քննարկումների ընթացքում նախարարները զրուցել են հայ-չինական երկկողմ հարաբերությունների շուրջ եւ գոհունակությամբ փաստել, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է առեւտրատնտեսական բալանսի 73% աճ: Նրանք նաեւ կարեւորել են գիտատեխնիկական եւ կրթական ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ խոսելով ուսանողների միջհամալսարանական փոխանակման եւ չինական համալսարաններում հայ գիտնականների՝ հետազոտություններ անցկացնելու հնարավորություններ ընձեռնող ծրագրերի մասին:

Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ համաձայն երկկողմ փորձագիտական խմբերի եզրակացության, երկու երկրների միջեւ կարող է համագործակցություն ծավալվել նաեւ ավանդական բժշկության, գյուղատնտեսական թեթեւ մեքենաշինության, խաղողագործության ու գինեգործության բնագավառներում:

Հաշվի առնելով հայ-չինական քաղաքական ամուր կապերը՝ կողմերը քննարկեցին միջազգային հաստատություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, արդյունավետ խորհրդատվությունների եւ համագործակցության հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ Լեռնային Ղարաբաղի ու Թայվանի խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքերի, շինությունների եւ հողամասերի փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը:

Նրանք նաեւ նամակներ են փոխանակել 5 միլիոն յուանի (800 հազար դոլար) չափով Հայաստանի տեխնիկական աջակցությանն ուղղված չինական դրամաշնորհի վերաբերյալ:

Նույն օրը, նախարար Օսկանյանը հանդիպել է Չինաստանի վարչապետ Վեն Ձյաբաոյի հետ: Բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են տնտեսական ու քաղաքական երկկողմ հարցեր: Նրանք նշել են, որ թեեւ առեւտրային ապրանքաշրջանառությունը այնքան էլ մեծ չէ, այդուամենայնիվ, կարեւոր է անընդհատ աճի միտումը: Կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերություններից:

Վեն Ձյաբաոն կարեւորել է Հայաստանի հետ քաղաքական փոխըմբռնման առկայությունը եւ նշել, որ երկու երկրները շատ նման մոտեցումներ ունեն գլոբալ զարգացումներին եւ փոփոխություններին: Չինաստանը վերահաստատել է հարավկովկասյան տարածաշրջանում մշտապես ներգրավված լինելու ձգտումը եւ երկուստեք հետաքրքրություն առաջացնող հարցերում Հայաստանի հետ աշխատելու ցանկությունը:

Իսկ այսօր նախարար Օսկանյանը կհանդիպի Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային վարչության պետ Վան Ձիառուի հետ:

Այնուհետեւ, արտգործնախարար Օսկանյանը Պեկինից կմեկնի Լոնդոն, որտեղ նույն օրը ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատում կայանալիք Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG