Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. - «Հայաստանի իշխանությունները մտադիր են լուրջ փոփոխություններ մտցնել նախագծում»


Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ երկրի իշխանությունները մտադիր են «լուրջ փոփոխություններ» մտցնել սահմանադրական փոփոխությունների նախագծում՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների շրջանակում:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե առայժմ կոնկրետ եւ անվերապահորեն չի ասվել, թե Հայատանի իշխանությունները ընդունում են այդ առաջակությունները, Տիգրան Թորոսյանը ասաց. - «Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հստակորեն ամրագրված է հուշագրում, ուր ասվում է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են լուրջ փոփոխություններ մտցնել նախագծում նշված երեք ուղղություններով՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների շրջանակում»:

Սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որն Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ, Երեւանում քննարվել էր Վենետիկի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, իսկ անցած շաբաթ այն քննարկվել է նաեւ Վենետիկում (Տիգրան Թորոսյանը մասնակցել է այդ քննարկմանը): Հանձնաժողովի գնահատականը՝ միջանկյալ եզրակացությունը, նույնն է:

«Փաստաթուղթը ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը իր հուսախաբությունն է հայտնում սահմանադրական փոփոխությունների ընթացքի վերաբերյալ», - փոխանցեց Թորոսյանը:

Նույն գնահատականը հնչել էր դեռ Երեւանում: Վենետիկում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ անկախ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի օրակարգում ընդգրկվել-չընդգրկվելուց, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների փաթեթը Ստրասբուրգում քննարկվելու է հունիսի 23-ին: Արդեն հունիսի 20-ին Հայաստանի իշխանությունները պետք է ներկայացնեն կոնկրետ փաստաթուղթ:

Վենետիկի հանձնաժողովը երեք հիմնական հարց է առաջ քաշել՝ ուղղված իշխանությունների տարանջատմանը. Երեւանի քաղաքապետի պաշտոնի ընտրովի դառնալը, նախագահի լիազորությունների սահմանափակումը Արդարադատության խորհրդի կազմավորման, ինչպես նաեւ կառավարության փոփոխման, լուծարման հարցում:

Տիգրան Թորոսյանի խոսքերով, Սահմանադրությունը բարեփոխելու ճանապարհին Հայաստանը երկու ուղի ունի:

«Կամ մենք իսկապես կունենանք լավ նախագիծ, եւ այն կընդունվի հանրաքվեով ու Հայաստանի համար որակապես նոր հնարավորություններ կբացվեն... այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ կապված», - ասաց ԱԺ փոխխոսնակը՝ ավելացնելով, թե դա Հայաստանի հնարավորություն կտա «որակապես նոր հարթությունում հանդես գալ»:

Մյուս ճանապարհը՝ եթե նախագիծը «չլինի լավագույնը», ապա բավականին տեւական ժամանակ կկորցնենք:

Թորոսյանի հայացքով, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ նոր փուլ է սկսվում: Առաջին փուլը, ըստ նրա, ավարտվեց Եվրամիության ընդլայնումով եւ «գունավոր» հեղափոխություններով: Իսկ նոր սկսվող փուլում Հայաստանը «պարտավոր է հաջողություններ ունենալ»: Հակառակ դեպքում պատկերը կարող է «բավականին տխուր» լինել:

«Պետք է լավ հասկանալ նաեւ, որ որակական փոփոխություններ եւ որակական ձեռքբերումներ կարող են լինել ոչ թե իշխանության մեջ անունների փոփոխությամբ, այլ հստակ պատկերացումներով, հստակ ծրագրերով եւ ռազմավարությամբ», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG