Մատչելիության հղումներ

Ազատությունն ու ժողովրդավարությունը Հայաստանում «ամրապնդման կարիք ունեն»


Անցած շաբաթավերջին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը Երեւանում հանդիպում է ունեցել Ամերիկյան համալսարանի ուսանողների եւ շրջանավարտների հետ՝ ելույթ ունենալով «Ամերիկյան հեղափոխության շարունակական ազդեցությունը» թեմայով:

Իր ելույթում անդրադառնալով ԱՊՀ երկրներում տեղի ունեցած «գունավոր» հեղափոխություններին, դեսպան Էվանսը հերքել է բոլոր խոսակցությունները, թե ԱՄՆ դեսպանատները դարձել են այդպիսի հեղափոխություններ «հրահրող կենտրոններ»:

«Այս շահարկումները, իհարկե, որեւէ հիմնավորում չունեն», - ասել է Ջոն Էվանսը: - «Միացյալ Նահանգները համարում է, որ նախկին Խորհրդային Միության նորանկախ պետությունները մեր բարեկամներն են, ու այդ երկրները ապակայունացնելու արշավ չի սկսել: Միացյալ Նահանգները չի պաշտպանում ամբոխավարությունը կամ էլ որեւէ տեսակի ոչ սահմանադրական ու անօրինական գործողությունը»:

Դեսպանը նաեւ ասել է, թե ԱՄՆ-ը չի թաքցնում, որ նյութական օգնություն է ցուցաբերել «աշխարհի այս հատվածի երկրների կառավարություններին, խորհրդարաններին, քաղաքական կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններն՝ ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնց առկայության պարագայում ժողովրդավարությունը, մասնավորապես ազատ եւ արդար ընտրությունները կկարողանան ծաղկում ապրել»:

Հայաստանի մասին դեսպան Էվանսը նշել է, որ «ազատության եւ ժողովրդավարության հաստատությունները դեռ ամրապնդվելու կարիք ունեն:

«Միացյալ Նահանգները վերստին հաստատում է Հայաստանին, վերջինիս կառավարությանը, դատական համակարգին, խորհրդարանին, քաղաքական կուսակցություններին ու քաղաքացիներին օգնելու իր պատրաստակամությունը», - ասել է Ջոն Էվանսը: - «Առաջիկա տարիներին, մասնավորապես 2007 եւ 2008 թվականների ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Միացյալ Նահանգները ակտիվորեն կաշխատի մեր հայկական գործընկերների հետ, որպեսզի այդ հաստատությունները հանուն եւ ի շահ հայ ժողովրդի հնարավորինս կայացած լինեն եւ աշխարհում առավել մետ տարածում գտնի ազատությունը»:

«Սա նոր դարաշրջանի մարտահրավերն է: Սա մեր ժամանակների կոչն է, եւ Միացյալ Նահանգները կկատարի իր պարտքը», - նախագահ Բուշի այս խոսքերով է ավարտել իր ելույթը դեսպան Էվանսը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG