Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանը ներկա չի լինի չճանաչված կազմավորումների ղեկավարների հանդիպմանը


Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան «Ռեսպուբլիկա Աբխազիա» օրաթերթի այսօրվա հարցազրույցում ասել է, որ չճանաչված հանրապետությունների՝ Աբխազիայի, Հարավային 0սիայի եւ Մերձդնեստրի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա այս ամռան ընթացքում:

Նախապես ենթադրվում էր, որ այն տեղի կունենա մայիսին, սակայն, ինչպես Շամբան է ասել՝ «շտապելու կարիք չկա». - «Մենք հանգիստ պատրաստվում ենք այդ հանդիպմանը, որը տեղի կունենա բոլորի համար հարմար պահին: Կարծում ենք, դա տեղի կունենա ամռանը»:

Շաբմայի փոխանցմամբ, Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բագապշը Մոսկվա կատարած վերջին այցերից մեկի ժամանակ հանդիպել է Մերձդնեստրի եւ Հարավային 0սիայի ղեկավարներ Իգոր Սմիռնովի եւ Էդուարդ Կոկոյտիի հետ:

«Մոսկվայում նրանք պայմանավորվել էին պաշտոնական հանդիպում անցկացնել», - ասել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարը՝ հավելելով. - «Լեռնային Ղարաբաղի նախագահը չի մասնակցելու այդ հանդիպմանը, ինչը պայմանավորված է ներքին բնույթի խնդիրներով»:

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը նշում է, որ Հարավային 0սիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին ավելի վաղ ասել էր, թե հանդիպումը տեղի կունենա հունիսին եւ դրան կմասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահը:

«Այդ հանդիպումը գումարվելու ոչ թե ի հեճուկս ՎՈւԱՄ-ի, այլ պետական հիմքերի ամրապնդմանն ողղված գործողությունները կոորդինացնելու նպատակով: Մենք պետք է օգնենք միմյանց ազատ լինելու հարցում», - ասել է Էդուարդ Կոկոյտին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG