Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. - «Ավելին ասելու ժամանակը կգա գործը անելուց հետո»


Շարունակվում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ
Սարգսյանը այցի Միացյալ Նահանգներ: Հայաստանյան ընդդիմադիր գործիչը նախ հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում, ապա մեկնել է Լոս Անջելես:

Այցի կազմակերպիչներից Հնչակյան կուսակցության Միացյալ Նահանգների արեւմտյան շրջանի փոխատենապետ Գրիգոր Խոտանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հետեւյալ կերպ ներկայացրեց իրենց նախաձեռնության նպատակները. - «Որովհետեւ մենք նույն «Արդարություն» դաշինքի անդամ ենք, եւ Արամ Սարգսյանը մեր դաշնակիցն է»:

«Նա [Արամ Սարգսյանը] ապագայի նկատմամբ աշխատանք տանող ամենագլխավոր դեպքերից մեկն է», - ավելացրեց Խոտանյանը՝ նաեւ որոշ տեղեկություններ հաղորդելով «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի Վաշինգտոնյան հանդիպումների վերաբերյալ. - «Հանդիպում է ունեցել, մասնավորապես, Ազգային անվտանգության խորհրդի կովկասյան շրջանի տնօրենի հետ»:

Խոսելով նշված հանդիպման մասին Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ տպավորված է ամերիկացի այդ պաշտոնյանով, նրա՝ Հայաստանի իմացությամբ:

Հարցին, թե որոնք են իր այցի նպատակները եւ ինչ հարցեր են քննարվվել ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումներում, «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը պատասխանեց. - «Քաղաքականությունը իր մեջ որոշակի կոնֆիդենցիալություն է պարունակում: Այո, հանդիպել եմ Սպիտակ տան քաղաքական եւ պետական դեպարտամենտի բավականին բարձրաստիճան քաղաքական իշխանությունների հետ: Հիմնականում քննարկվել են Հայաստանի ապագային վերաբերող հարցեր... Ավելին չեմ կարող ասել. ավելին ասելու ժամանակը կգա գործը անելուց հետո»:

Արամ Սարգսյանը չճշգրտեց, թե ինչ գործի մասին է խոսքը:

Հանդիպումների ընթացքում, հայաստանյան ընդդիմադիր գործչի խոսքերով, քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Պաշտոնական հանդիպումների զատ, «Հանրապետություն» կուսակցություն առաջնորդը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Արամ Սարգսյանը ասաց, որ «շատ լուրջ հարցեր» են քննարկվել Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում:

«Ես զարմացած եմ այդ կառույցի ունեցած հնարավորություններից, այդ կառույցի ունեցած ազդեցությունից Միացյալ Նահանգների նման երկրում», - ասաց նա: - «Դա շատ կարեւոր կառույց է Հայաստանի համար, որը կարող է լուրջ ներդրում ունենալ եւ անչափ մեծ ներդրում նաեւ ունեցել է Հայաստանի համար: Հակված եմ միշտ համագործակցել իրենց հետ»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG