Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 11-ը հունիսի)

«Դատելով Հայաստանի ներքաղաքական զարգացումներից, ես չեմ տեսնում այն դեպքերը, որ կարող են բերել արտահերթ ընտրությունների: Կարծում եմ, ընտրությունները լինելու են հերթական», - «Հայկական ժամանակ»-ում նախանշում է Վազգեն Մանուկյանը, որի հայացքով իշխանությունը փոխելու համար «դժվար թե նորից համաժողովրդական ալիք բարձրանա»: «Ժողովրդին դժվար է ամեն անգամ ասել, թե դու հեղափոխություն արա, որ քո միջոցով ինչ-որ մարդիկ գան իշխանության, ուզուրպացնեն իշխանությունը, բայց դու նորից պետք է հեղափոխություն անես: Ժողովուրդը, այնուամենայիվ, իրեն խաբված է զգում, որովհետեւ գնացել է մարդկանց ետեւից, որոնք չեն ունեցել այն պոտենցիալը, ինչը ժողովուրդը ակնկալել է նրանցից... Ուստի, երբ հիմա վեր են կենում ու խոսում հեղափոխություններից, ես այնքան էլ դրա կողմակիցը չեմ: Որովհետեւ հասունացման, թացը չորից վերջնականապես զատելու ժամանակ է պետք ժողովրդին: Այսօր ընդդիմության դաշտում հենց այդ զտումն է գնում, եւ դա շատ լավ է»: Լրագրողի հարցադրմանը, թե իշխանափոխությունը նեքեւից կանխելու համար, իշխանությունն ինքը կարող է ռեֆորմներ սկսել վերեւից, Վազգեն Մանուկյանը պատասխանում է. - «Ռեֆորմներ իրականացնել կարող է միայն այն ուժը, որի ձեռքին է կենտրոնացված իշխանությունը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն Քոչարյանի մտածողությունն ուրիշ է, նրա իդեալը Ադրբեջանում ժամանակին հայտնի սովխոզի մի նախագահ էր, որն այդ սովխոզը բռի մեջ էր պահում: Քոչարյանն ինքն իրեն զգում է սովխոզի այդ նախագահի կարգավիճակում եւ գիտի, որ բրիգադիրների հետ պետք է լինել խիստ»: «Ես համոզված եմ, որ Քոչարյանն ինչ անում է, վստահ է, թե ճիշտ է անում: Ուստի, եթե ինքը նման վստահություն ունի, ի՞նչը պետք է նրան դրդի ռեֆորմների», - ամփոփում է Վազգեն Մանուկյանը:

Նույն թերթի մատուցմամբ՝ այն, ինչ ուրվագծվում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների ֆոնի վրա, կարող է «աննախադեպ լինել»: Մեկնաբանի պատկերացմամբ, եթե ընդդիմադիր կուսակցությունները խոսում են ժողովրդավարական կամ ազգային հեղափոխության անհրաժեշտության մասին, իսկ իշխամետ կուսակցությունները՝ կայունության մասին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ նոր առաջարկով՝ Հայաստանի «ժողովրդավարական, ազգային տրանսֆորմացիայի անհրաժեշտության մասին»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի ընկալմամբ, մինչդեռ, «Ժառանգություն» կուսակցությունը «հավատ չի ընծայում հեղափոխության կոչերին», ուստի ենթադրվում է, որ տրանսֆորմացիան հեղափոխություն չէ. - «Իսկ թե ի՞նչ է, ինչպիսի՞ գործողություններ է ենթադրում՝ այդպես էլ մութ մնաց»:

«Հայոց աշխարհ»-ի հայացքով, որքան մեղմանում է քաղաքական դիմակայության սկզբունքը, այնքան ուժեղանում է արմատական գործիչների հետաքրքրությունը գերտերությունների հանդեպ. - «Սեփական անհաջողությունները արտաքին հզոր հովանավորների աջակցության միջոցով փոխհատուցելու՝ նրանց սպոնտան ձգտումները աստիճանաբար վերածվում են գերտերությունների յուրահատուկ պաշտամունքի»:

Նույն թերթը Հայաստանում քաղաքական դասական հայացքների, գաղափարների փնտրտուքում եզրահանգում է. - «Մեզանում քաղաքականությունը դարձել է ոչ այնքան եւ ոչ միայն մոդայիկ ու պրեստիժային զբաղմունք, այլ նաեւ շատ ձեռնտու եւ շահավետ զբաղմունք. խանութ, «օբյեկտ», փող ունեցող գրեթե յուրաքանչյուր ոք ուզում է դառնալ քաղաքական գործիչ»: Լայնացնելով շրջանակը՝ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը ախտորոշում է. - «Մարտնչող անգրագետ միջակությունները հեղեղել են կեսագործունեության բոլոր ոլորտները. դրա համար էլ սնկի նման աճում են կուսակցություններն ու քաղաքական գործիչները, դրա համար էլ քաղաքականությունն անլրջանում եւ անհամանում է նույն չափով, որքան անլրջանում է շրջապատում ամեն ինչ»:

«Գոլոս Արմենիի»-ին, տեղեկացնելով, որ իրենց ձախ համարող մեկ տասնյակից ավելի կուսակցություններ հուլիսին նախատեսում են համատեղ հավաք անցկացնել՝ հայտատարելու համար, թե ստեղծվում է հերթական միությունը, նշում է, թե ժողովրդահայրենասիրական ու կոմունիստական այսպիսի ձախ դաշինքներ մեր քաղաքացիները շատ են տեսել: Այնուամենայնիվ, ըստ թերթի, այդ դաշինքն ինչ-որ առումով սովորական չի լինելու. - «Հիշատակված ուժերն արդեն այսօր միավորվում են 2008 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանելու նպատակով»:

«Վենետիկի հանձնաժողովի նիստում հաստատվել է Հայաստանի սահմադրական փոփոխությունների վերաբերյալ միջանկյալ երկրորդ եզրակցությունը», - «Առավոտ»-ին հեռախոսով հայտնել է նիստին մասնակցած Տիգրան Թորոսյանը՝ ասելով. - «Քանի որ դեռեւս նոր փոփոխություններ չկան, բնականաբար, գնահատականը չէր կարող փոխվել արմատապես: Հիմնական շեշտադրումները նույնն են՝ հուսախաբությունը եւ հույսը, որ հանձնաժողովի առաջարկած երեք ուղղություններով առաջիկայում կլինեն լուրջ փոփոխություններ»: «Առավոտ»-ը նաեւ հավանական է համարում, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում քննարկվեն ինչպես Եվրախորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման, այնպես էլ, որպես հրատապ հարց, նստաշրջանի օրակարգում ընդգրված՝ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը:

Շիրակի մարզպետ, Դաշնակցության անդամ Ռոմիկ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը տարիներ առաջ դատապարտվել է հումանիտար օգնության կաթի փոշի գողանալու համար: «Մարզպետը անդրադարձել է նաեւ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի կենսագրությանը՝ ակնարկելով, որ նա ծիծաղելի գնով է ձեռք բերել Գյումրիի գարեջրի գործարանը», - գրում է թերթը՝ հավելելով. - «Այդ գործարանի տնօրենը՝ Սամվել Բալասանյանի աներորդին, վերջերս նշանակվեց Շիրակի մարզպետի տեղակալ... Կարելի է պատկերացնել, թե ինչ մթլորտ է տիրում Շիրակի մարզպետարանում»: «Փաստորեն իրար դեմ են ելել իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունները. կարո՞ղ ենք ասել, որ նրանց մեջ համագործակցությունը, այնուամենայիվ, չի ստացվում» հարցին Շիրակի մարզպետը պատասխում է. - «Համենայն դեպս մեր մարզում ես չեմ տեսնում այդ համագործակցությունը: Այստեղ այդ համագործակցությունը երբեք չի եղել, եւ անձամբ ես գտնում եմ, որ այդ մարդկանց հետ որեւէ համագործակցություն չի էլ լինելու»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG