Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հանրապետություն» կուսակցությունից «Այբ-Ֆե» թերթին տեղեկացրել են, որ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Միացյալ Նահանգներում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի աշխատակազմի մի պաշտոնյայի հետ: Հայտնի չէ, թե ինչ հարցեր են քննարկվել, սակայն, ըստ թերթի, ակնհայտ է, որ «Վաշինգտոնը Հայաստանի քաղաքական դաշտի տրամադրությունը լրջորեն է շոշափում»: ՀԺԿ-ից էլ «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են, որ ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով Ստեփան Դեմիրճյանը Միացյալ Նահանգներ կմեկնի սեպտեմբերի կեսերին:

«Չորրորդ իշխանություն» թերթի ձեւակերպմամբ՝ ընդդիմադիր դաշտի կարկառուն ներկայացուցիչները առաջ Մոսկվա էին գնում, հիմա՝ Վաշինգտոն: «Համատարած գորշության ֆոնին միակ լուսավոր կետը Արամ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հարաբերություններն են եւ այս միությունը կարող է արգասաբեր լինել», - գրում է թերթը:

«Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդի փնտրտուքներում» վերնագրի ներքո «Իրավունք»-ը գրում է, թե նման թեկնածու դառնալու հավակնություն ունի Սերժ Սարգսյանը, ով «ոչ մի խոչընդոտի առջեւ չի կանգնում ցույց տալու, որ ինքը հենց այդ անձնավորությունն է»:

«Առավոտ»-ի խմբագրականը իր հերթին փաստում է. - «Եվ այսպես, առաջադրվել է 2008 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին թեկնածուն՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը»: Շեշտադրումն ավելի շատ կատարելով ընտրություններից գրեթե երեք տարի առաջ նրա թեկանծությունն առաջ քաշելու վրա՝ «Առավոտ»-ը շարունակում է. - «Գտնվել է մի խիստ առաջադեմ երիտասարդ, որը առաջադրել է երկրի նոր ղեկավարի թեկնածություն: Մի կողմից Տիգրան Ուրիխանյանը իրավացի է՝ խաղադրույքը դնելով նախապես հաղթած թեկնածուի վրա եւ այսօրվանից արդեն նրա հասցեին շռայլելով քծնանքի քաղցր խոսքեր: Մյուս կողմից էլ նման վաղաժամ «սապոնումը» կարող է չտալ բաղձալի արդյունքները, եւ առաջադեմ երիտասարդի կարիերան չդասավորվի իր ուզած ձեւով: Դրա տխուր նախադեպը մենք արդեն ունենք»:

«Մինչ Հայաստանի իշխանությանը մաս կազմող քաղաքական գործիչները միասնության շուրջպար են կազմակերպում, քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը ամառային շրջանը փորձում է սկսել մեկ այլ միասնության շուրջպարով, որի նպատակը նորից ու նորից Հայաստանում հեղափոխություն իրականացնելն է», - գրում է Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթը՝ զուգահեռելով. - «Այս երկու միջոցառումների միջեւ տարբերությունն այն է, որ եթե առաջինի դեպքում բոլորը նույն պարն են պարել, երկրորդի դեպքում ընդդիմության յուրաքաչյուր ուժ փորձում է իր առանձին պարը պարել»:

Ընդդիմադիր նոր բլոկ ստեղծելու նախաձեռնողներից Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Առավոտ»-ում պարզաբանում է. - «Ընդդիմադիր նոր ձեւաչափի ստեղծումը ձգձգվում է որոշների ամբիցիաների եւ ժամանակի պատճառով»: «Գաղափարը պետք է հասկանալի դառնար. հանուն ինչի՞... Ռոբերտ Քոչարյանին գցելո՞ւ: Գաղափարը դա չէ. գաղափարը նոր Հայաստան ձեւավորելու, 21-րդ դարի գործընթացներին համահունչ նոր որակի իշխանություն ստեղծելու մեջ է», - շեշտադրում է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հարցը դիտարկելով ժողովրդավարութուն հաստատելու տարածաշրջանային մրցավազքի ծիրում. - «Մենք պարզապես պարտավոր ենք ավելի արագ նվաճել ժողովրդավարությունը, քան դա կլինի Ադրբեջանում: Այն մարդիկ, ովքեր այսօր դա չեն հասկանում՝ կործանում են Հայաստանը»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Այբ-Ֆե»-ի հարցազրույցում անդրադառնում է Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը. - «Տպավորությունս այն է, որ հիմնական բանակցությունը կարգավիճակի հարցի լուծում գտնելն է: Այսօր ե’ւ միջնորդների, ե’ւ միջազգային համայնքի, ե’ւ կողմերի ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ հարցը կարող է կարգավորվել միայն Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորումով»:

«Որ ռուսական ռազմատեխնիկայի Հայաստան տեղափոխելով չի լուծվում ո՛չ ՀՀ անվտանգության, ո՛չ բանակի մարտունակության խնդիրները՝ կարծում եմ միանշանակ է։ Մինչդեռ ռուսական բազաների տեղափոխումը Հայաստան ամրագրեց այն կարծիքը, որ ՀՀ-ն Ռուսաստանի ֆորպոստն է, ինչը տխուր հեռանկար է», - «Առավոտ»-ում նշում է «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։ - «Վերջին հաշվով, ես կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական էլիտան բարձրաձայնի ՀՀ-ում արդեն գոյություն ունեցող ռազմաբազաները դուրս բերելու մասին»:

«Երկիր» թերթի հարցազրույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատկերավոր նկարագրում է. - «Միջազգային կազմակերպությունների եւ մեր հայրենի ղեկավարության փոխհարաբերությունները վերջին15 տարիներին հիշեցնում են այն իրավիճակը, երբ ուսուցիչն աշակերտին դժվար ու տհաճ տնային առաջադրանք է հանձնարարել, իսկ վերջինս էլ փորձում է ինչ-որ կերպ դրա տակից դուրս գալ. ե’ւ աշխատանքը չկատարել, ե’ւ «երկու» չստանալ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG