Մատչելիության հղումներ

Վաշինգտոն կատարած երկօրյա աշխատանքային այցի առաջին օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ունեցել է մի շարք հանդիպումներ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը հաղորդում է, թե նախարար Օսկանյանին ընդունել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլին: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունները: Հեդլին առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում ընթացող ժողովրդավարական, ինչպես նաեւ ընտրական եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ:

Վարդան Օսկանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ Կոնգրեսում հայկական խմբի անդամների հետ: Հանդիպման սկզբում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող օրակարգային խնդիրները: Նախարար Օսկանյանը Կոնգրեսի անդամներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղի բանակցություններում տեղ գտած վերջին զարգացումների եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նա շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության համար: Քննարկվել են նաեւ հարցեր, որոնք կարող են ընդգրկվել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներում:

«Այնուհետեւ Օսկանյանը հանդիպել է Ամերիկայի Ազգային կոմիտեի եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվել են Հայաստան - ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցեր», - տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

ԱՄՆ նախագահ Բուշի վերընտրվելուց հետո սա Վարդան Օսկանյանի առաջին այցն է Վաշինգտոն: Այսօր արտգործնախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ, հանդես կգա ելույթով Բրուքինգս հաստատությունում, ինչպես նաեւ Մամուլի Ազգային ակումբում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG