Մատչելիության հղումներ

Թաղապետի նախկին թեկնածուն պահվում է ոստիկանությունում


Անցած գիշեր ոստիկանության 6-րդ վարչություն է հրավիրվել Մալաթիա - Սեբաստիա համայնքի թաղապետի թեկնածու Սամվել Հովսեփյանը: Մինչեւ աշխատանքային օրվա ավարտը նա գտնվում էր ոստիկանությունում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե «չեն կարող ասել», թե ինչի հիման վրա է Հովսեփյանը պահվում 6-րդ վարչությունում: Հայտնի է միայն, որ Սամվել Հովսեփյանը հրավիրվել է «որոշակի հարցեր ճշտելու համար»:

Ոստիկանության լրատվական վարչությունից չճշտեցին նաեւ, թե արդյոք դա կապված է այն միջադեպի հետ, երբ, ըստ որոշ տեղեկությունների, ընտրություններից հետո նռնակ էր նետվել հաղթող թեկնածու Աղվան Գրիգորյանի ենթաշտաբի պետ Ռաֆիկ Ավագայնի տան վրա:
Սամվել Հովսեփյանը 6-րդ վարչությունից հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրեն առայժմ որեւէ մեղադրանք չեն ներկայացրել:

«Ենթադրությունն այն է, թե անձամբ, ես իմ ձեռքով կարող է այդ նռնակը գցած լինեմ: Բայց այդպես ասում են. կոնկրետ մեղադրական չկա», - ասաց Հովսեփյանը՝ միաժամանակ հերքելով թե որեւէ առնչություն ունի այդ միջադեպին:

«Չոռնի Ռաֆ» մականունով հայտնի Ռաֆիկ Ավագյանի կինը՝ Նունե
Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրենք թշնամիներ չունեն, քանի որ իր ամուսինը քաղաքականությամբ չի զբաղվում, թեեւ ընտրություններում աջակցում էր գործող թաղապետ Աղվան Գրիգորյանին:

«Ես չեմ կարող որեւէ մեկի հետ կապել [պայթյունը]: Ուղղակի, որ անմիջապես ընտրություններից հետո էր, դա արդեն հարց է առաջացնում», - այդուհանդերձ ասաց Նունե Ավագյանը:

Աղվան Գրիգորյանի նախընտրական շտաբի ղեկավար Սերգեյ Մարկոսյանը ը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե չի կարող պնդել, թե պայթյունը ուղղակիորեն կապված է ընտրություների հետ:

Գործող թաղապետ Աղվան Գրիգորյանին հունիսի 5-ին կայացած ընրություններում աջակցել են համայնքում հեղինակություն ունեցող գրեթե բոլոր անձինք, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ում խոսքերով, ընտրությունները «անկասկած» անցել են արդար ու թափանցիկ:



Ռուզան Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG