Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանը դարձավ «Ջեներալ մոթորզ» ընկերության խոշորագույն բաժնետերերից մեկը


Ամերիկացի հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը չկարողացավ ստանալ «Ջեներալ մոթորզ» ընկերության իր ծրագրած մոտ 9 տոկոս մասնաբաժինը, սակայն ապահովեց 7,2 տոկոսը: Սա 10 միլիոն բաժնետոմսերով պակաս է նրա նախատեսածից, սակայն Քըրքորյանի բիզնես ծրագիրն արդեն սկսել է գործել:

Երբ մայիս ամսին Քըրքորյանի «Տրասինդա» կորպոռացիան 31 դոլար առաջարկեց աշխարհի ամենամեծ այս ավտոգործարանի մեկ բաժնետոմսի համար, դրա գինը շուկայում մոտ 27 դոլար էր: Երեկ Քըրք Քըրքորյանի գործարքի ավարտից հետո շուկայում դրանց գինը բարձացել է մինչեւ 32 դոլարի: 88-ամյա Քըրքորյանը հայտարարել է, թե հեռուն գնացող նպատակներ չուներ՝ միայն հաջող ներդրում էր ցանկանում անել: Սակայն նրան ճանաչողներն անմիջապես արձագանքեցին՝ նշելով, թե «Քըրք Քըրքորյանը երբեւէ հենց այնպես ներդրում չի անում, նա միշտ հեռահար նպատակներ ունի»:

Քըրքորյանը երեք անգամ գնել ու վաճառել է «Էմ-Ջի-Էմ» (MGM) հանրահայտ կինոստուդիան, եւ ամեն անգամ ֆինանսական վատ վիճակում գնտվող կինոստուդիայի բաժնետոմսերի գները բարձրացել են, եւ Քըրքորյանը կարողացել է հաջողությամբ վաճառել դրանք, վերջին անգամ՝ ամերիկյան «Սոնի» կորպորացիային: Քըրքորյանը 1999 թվականին «Էմ-Ջի-Էմ»-ի իր կայսրության՝ կինոսդուդիայի եւ կազինոների ու հյուրանոցների «Էմ-Ջի-Էմ Միրաժ» ընկերության գործադիր տնօրեն էր նշանակել Ալեքս Յեմենիջյանին:

Վերջինս, սակայն, այժմ հայտարարում է, որ հեռանում է ընկերությունից՝ իր սեփական գործը սկսելու համար: Նա ասել է, թե «ցանկանում է սեփականատեր լինել այլեւս, եւ ոչ թե գործադիր տնօրեն»:

Ալեքս Յեմենիջյանն առանձնապես չի մանրամասնել իր ծրագրերը, բացառությամբ, թերեւս, հայաստանցիներին ամենաշատը հետաքրքրող խնդրից՝ նա շարունակելու է մնալ «Լինսի» հիմնադրամի գործադիր կազմում: Յեմենիջյանը հայտարարել է, թե «բարեկամական կապերը Քըրքորյանի հետ չեն խզվել»:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG