Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Բաքվում կայացած «Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը» թեմայով գիտաժողովին մասնակցող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի այցը հենց սկզբից վերածվել է սկանդալի:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, դեռեւս օդանավակայանում Կազիմիրովը հրաժարվել է հստակ պատասխան տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին լրագրողների հարցին:

Արդեն գիտաժողովի ընթացքում մասնակիցներից մեկը պահանջել է, որ ելույթից առաջ ռուսաստանցի դիվանագետը հրապարակավ հայտարարի, որ ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Պահանջին միացել են նաեւ գիտաժողովի այլ մասնակիցներ, որոնք մի քանի րոպե փորձել են խանգարել Վլադիմիր Կազիմիրովի ելույթը:

Իսկ երբ իր ելույթում ռուսաստանցի դիվանագետը կրկին շրջանցել է այդ հարցը, գիտաժողովի մասնակիցների եւ լրագրողները մի մասը ի նշան բողոքի դուրս են եկել դահլիճից՝ «Ռուսաստանին մեղադրելով ղարաբաղյան հակամարտությունը հրահրելու համար»:

«Հայաստանը կվերադաձնի Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջանները, սակայն դա կանի ոչ անհատույց: Տարածքները վերադարձնելու համար անհրաժեշտ են բազմաստիճան երաշխիքներ: Նախ, Ադրբեջանը պետք է ստանձնի կոնկրետ պարտավորություններ, քանի որ ձեր երկիրը ավելի հակված է հարցի ուժային լուծմանը», - «Ազերի-պրես» գործակալության հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է Վլադիմիր Կազիմիրովը:

Նրա կարծիքով, հակամարտության մյուս կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը, նույնպես պետք է պարտավորություններ վերցնեն: Իսկ համանախագահ երկրները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն «պետք է երաշխիքներ տան, որ խաղաղ կարգավորման մասին համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը չեն դիմի ուժի կիրառման»:

«Եթե այդ երաշխիքները չլինեն, ապա հակամարտությունը հնարավոր չի լինի լուծել խաղաղ ճանապարհով: Իսկ եթե Ադրբեջանը դիմի ուժային լուծման՝ անհաջողության կմատնվի», - հայտարարել է Վլադիմիր Կազիմիրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG