Մատչելիության հղումներ

Բաքվի մետրոպոլիտենում պատահարի արդյունքում մեկ մարդ է զոհվել


Չորեքշաբթի օրը Բաքվի մետրոպոլիտենի «Բաքի սովետի» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքի վթար, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, վթարի պահին շարժասանդուղքի վրա գտնվող մարդիկ ընկել են առաջացած «խորշը»՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ: Վիրավորների թիվը տատանվում է 25-ից մինչեւ 40-ը:

Առավել ծանր վնասվածքներ են ստացել մեկ տղամարդ եւ երկու կին, որոնց շտապ հասցրել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ադրբեջանի դատախազության վարչության պետ Ռուստամ Ուսուբովը հայտնել է, թե, ըստ նախնական վարկածի, պատահարը տեղի է ունեցել շարժասանդուղքի վերանորոգման աշխատանքների պատճառով:

Ադրբեջանական Lider.TV հեռուստաընկերության աշխատակիցներին հաջողվել է կապվել Իտալիայում գտնվող Բաքվի մետրոպոլի տնօրեն Թագի Ախմեդովին, որը կատարվածի մեջ մեղադրել է ուղեւորներին:

1995 թվականի հոկտեմբերի 28-ին Բաքվի մետրոպոլիտենի «Ուլդուզ» կայարանում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի հետեւանքով զոհվել էր 289 մարդ, մոտ 300-ը վիրավորվել էին: Դա մետրոպոլիտենների պատմության մեջ աշխարհում ամենախոշոր աղետն էր:

20 կայարաններից բաղկացած Բաքվի մետրոպոլիտենը շահագործման է հանձնվել 1967 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG