Մատչելիության հղումներ

«Բլուգրաս» երաժշտությունը Հայաստանում


ԱՄՆ դեսպանատան հրավերով Հայաստանում է գտնվում Բոբ Պերիլայի «Բիգ Հիլիբիլի Բլուգրաս» նվագախումբը, որը համերգներով հանդես կգա Գյումրիում, Դիլիջանում, Սեւանում, Եղեգնաձորում եւ Երեւանում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, թե Բոբ Պերիլայի «Բիգ Հիլիբիլի Բլուգրաս» հինգ հոգանոց նվագախումբը ժամանել է Վաշինգտոնից: Նվագախումբն իր կովկասյան հյուրախաղերը, Վրաստանում ու Ադրբեջանում կայացած համերգներից հետո, կավարտի Հայաստանում:

Այս նվագախումբը հանդես է գալիս բլուգրաս, քանրթի ու ֆոլկլորային կատարումներով, որն արտացոլում է ավելի քան 100 տարվա երաժշտական ավանդույթներ: Նվագախմբի գործիքավորումը ներառում է կիթառ, ջութակ, կոնտրաբաս, բանջո եւ մանդոլինա: Խումբը մի քանի անգամ հանդես է եկել Քենեդու անվան կենտրոնում, մշտապես հանդես է գալիս Սմիթսոնյան ֆոլկլորային փառատոնների ժամանակ, ելույթներ է ունենում Վաշինգտոնի տարածքում ու երաժշտական ակումբներում:

Բլուգրասն ինքնատիպ ամերիկյան երաժշտաոճ է, որն առանձնանում է ռիթմիկ, արագ ու հաճելի կատարումներով, որոնք ուղեկցվում են բանջոյի, քառաձայն երգեցողության, ջութակի խռպոտ հնչյունների ու բլուգրաս երաժշտաոճին բնորոշ հնչյուններով, որը ծնունդ է առել 18-րդ դարում Բլուրիջ Մաունթինզում (ամերիկյան արեւելյան ափի երկայնքով՝ Ջորջիայից մինչեւ Վիրջինիա):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG