Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ը 1 միլիոն դոլարի վարկ է տրամադրում Հայաստանում մանր եւ միջին բիզնեսի զարգացմանը


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ հայաստանյան բանկերից մեկը՝ Ինեկոն երեքշաբթի օրը ստորագրեցին Հայաստանում մանր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման մեկ միլիոն դոլար արժողությամբ վարկի հատկացման պայմանագիր։

Կոնգրես հյուրանոցում փաստաթղթի ստորագրումից հետո կայացած մամլո ասուլիսում ՎԶԵԲ անդրկովկասյան տարածաշրջանի, Բելոռուսի եւ Մոլդովայի պատասխանտու Մայք Դեյվին ասաց, որ Եվրոբանկի նպատակն է աշխատել Հայաստանի տնտեսության տարբեր սեկտորներում.

«Այդուհանդերձ, Եվրոբանկը իր բիզնեսի գլխավոր ուղղությունը Հայաստանում տեսնում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի ֆինանսավորման մեջ», - շեշտեց Եվրոբանկի ներկայացուցիչը։

Իր հերթին, «Ինեկո» բանկի գործադիր տնօրեն Երվանդ Բարսեղյանն ասաց, թե Եվրոբանկից վերցված փողերով իրենք երկուսից երեք տարի տեւողությամբ միկրո, այսինքն մինչեւ 10 հազար դոլար, եւ փոքր՝ մինչեւ 60 հազար դոլարի վարկեր կտրամադրեն փոքր գործարարներին։ Իսկ վարկերի տոկոսները կլինեն շուկայականին մոտ:

«Մենք նպատակ ունենք վարկեր տրամադրել շուկայական տոկոսադրույքներից ոչ ցածր: Նպատակ չկա դեմպինգային տոկոսներ մտցնել, դա նորմալ վարկային ծրագիր է: Ներկայումս վարկային տոկոսադրույքները տարբեր բանկերում տատանվում են 10-ից մինչեւ 15 տոկոս», - նշեց Երվանդ Բարսեղյանը:

Մայք Դեւին նաեւ շեշտեց, թե հայաստանյան խոշոր 4-5 բանկերի միջեւ մրցակցություն կա, բայց շուկան արագ տեմպերով է աճում։ Եվրոպացի բակիրը այդուհանդերձ կանխատեսում է, թե առաջիկայում փոքր բիզնեսի համար վարկերի տոկոսադրույքները Հայաստանում շոշափելի կնվազեն։

Եվրոբանկը փոքր բիզնեսի վարկավորման ծրագրեր իրագործում է Հայաստանյան 4 մասնավոր բանկերի հետ, բացի այդ հանդիսանում է «Հայէկոնոմբանկի» 25 տոկոս բաժնեմասի սեփականատերը։ Մայք Դեվին այսօր տեղեկացրեց, թե այժմ բանակցություններ են ընթանում «ԱԲԱ» բանկի ղեկավարության հետ՝ վերջինիս կապիտալում եւս որոշակի փայամասնակցություն ունենալու նպատակով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG