Մատչելիության հղումներ

Երեւանում ավարտվեց Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի տարեկան համաժողովը


Երեւանում երկուշաբթի օրը ավարտվեց Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի կառավարիչների 7-րդ տարեկան համաժողովը։ Այս տարի բանկի խորհրդում նախագահողը Հայաստանն է, իսկ կառավարիչը՝ ի պաշտոնե Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախար Վարդան Խաչատրյանը։

Ավելի քան 1 միլիարդ 400 միլիոն դոլար կապիտալ ունեցող այս բանկը հիմնվել է սեւծովյան ավազանի 11 անդամ երկրների ներդրումների հաշվին՝ 1998 թվականին: Բանկը տեղակայված է Սալոնիկում, իսկ նախագահը Թուրքիայի ներկայացուցիչն է։

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե չնայած պատկառելի դրամագլխի առկայությանը, Հայաստանը սւեծովյան բանկից չնչին չափով է օգտվում, բանկի նախագահ Մուստաֆա Գյուրտինը պատասխանեց. - «Մեզ համար դժվար է գտնել մի ծրագիր, որին մենք կցանկանայինք ֆինանսավորում հատկացնել»։

2004 թվականի արդյունքներով, Հայաստանը կարողացել է բանկից ընդամենը 2 միլիոն դոլարի վարկավորում ստանալ, ինչը մոտ հինգ անգամ պակաս է բանկի հիմնադիր կապիտալում ունեցած ներդրումից։

Կառավարիչների խորհրդի նիստի ավարտին հրավիրված ասուլիսում բանկի նախագահին մի թուրք լրագրող հարց ուղղեց, թե ինչպես է հաջողվում բանկին հակադիր ու լարումներ հարուցող շահեր ունեցող անդամ երկրների հետ լեզու գտնել: Ի պատասխան Սեւծովյան բանկի թուրք նախագահը, որսալով տրված հարցի ենթատեքստը, ասաց, թե սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը ֆինանսական կազմակերպութուն է, ի տարբերություն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, որը քաղաքական կազմակերպություն է:

«Եթե մեր բանկի անդամների միջեւ կռիվ ընկնի, դրա հետեւանքը կլինի սնանկացումը։ Բանկային գործունեության մեջ քաղաքականություն մտցնելը, անգամ դիվանագիտությունը, աղետի հասցնող լավագույն ուղին է», - դիվանագիտորեն եզրակացրեց թուրք բանկիրը։

Հարկ է, այդուհանդերձ, նշել, որ Սեւծովյան բանկի բիզնեսը առայժմ վնասաբար է. համենայնդեպս, 2004 թվականի արդյունքներով, բանկը մոտ 300 հազար դոլարի վնաս է կրել, 2003-ին՝ 5 միլիոն դոլարի վնաս։

Երեւանում տեղի ունեցած նիստին, ի դեպ, Ադրբեջանի պատվիրակն այդպես էլ չմասնակցեց՝ ի հեճուկս Մուստաֆա Գյուրտինի պնդումների։ Թեեւ, սա չխանգարեց, որպեսզի բանկի խորհրդի անդամ մնացած 10 անդամ երկրները որոշեն, որ հաջորդ կառավարիչը Ադրբեջանն է լինելու, իսկ խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու Բաքվում։

Հայաստանում բանկը Իզմիրլյան հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է 4 միլիոն դոլար արժեցող փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ծրագիր։ Այս ծրագրին այսօր ավելացան եւս երկուսը՝ «Վալետտա» եւ «Օվալ» ընկերությունների հետ բանկի նախագահը այսօր ստորագրեց 500 հազար դոլար վարկի հատկացման պայմանագրեր։ Վարկերը տրվում են 5 տարով, 9-11 տոկոս տոկոսադրույքով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG