Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Հայաստանյան այսօրվա իրականությունը «Իրավունք»-ը բնորոշում է հետեւյալ կերպ. - «Երբ վերեւները չեն կարող, ներքեւները չեն ուզում, իսկ «դրսի» զահլեն գնացել է»:

«Առավոտ»-ի մատուցմամբ, չնայած նախնական պայմանավորվածություններին՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները սահմանադրական փոփոխությունների նախագծի հանգամանալից քննարկում չեն անցկացրել. - «Նրանց այս այցի հիմնական խնդիրը երկրի ղեկավարության հետ հանդիպումն էր՝ դիրքորոշումները ճշտելու համար»: Այս կապակցությամբ Շավարշ Քոչարյանը «Առավոտ»-ին հայտնել է. - «Առաջին ընթերցմամբ ընդունված կոալիցիայի նախագիծը ստանալուց հետո «Վենետիկի հանձնաժողովը համարել է աննպատակահարմար հերթական եւս մեկ քննարկումը, որը որեւէ արդյունք չի բերելու»:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Այբ-ֆե»-ում արձագանքում է Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը. - «Այս փաստաթղթից ինձ իրավունք եմ վերապահում անել մեկ եզրակացություն. որոշ եվրոպական կառույցներ, պատրաստվելով ամառվա ընթացքում լուրջ քննադատելու Ադրբեջանին՝ իր քաղբանտարկյալների, մամուլի անազատության եւ այլ թերացումների համար, անպայման փնտրում են միջոց Հայաստանը դնելու նույն հարթության վրա եւ բալանսավորելու իրենց քննադատությունը: Սա է փաստաթղթի իմաստը»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, ամփոփելով Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցը, եզրահանգում է. - «Գալուստ Սահակյանի բացատրություններից հասկանալի դարձավ, որ առայժմ վերջնական համաձայնություն այս խնդրի շուրջ ձեւավորված չէ։ Համենայն դեպս ոչ մի անգամ չասվեց, թե կոալիցիան հակված է ընդառաջել հանձնաժողովի բոլոր առաջարկություններին»։

Ըստ էության, վենետիկցիները դեմ են Քոչարյանին թագավորի լիազորություններով օժտելուն... Նրանք ասում են՝ եթե մտել եք եվրոպական ընտանիք, ապա ձեր երկրի հիմնական օրենքը պիտի համապատասխանեցնեք եվրոպական չափանիշներին», - պարզեցնում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ զարմանալի համարելով, որ այս պարզագույն ճշմարտությունը «շարքային քաղաքացիները հասկանում են, բայց իշխանությունները, չգիտես ինչու, չեն ուզում հասկանալ»:

«Ձեր կարծիքով, «գունավոր հեղափոխությունների» ալիքը ե՞րբ կարող է հասնել Հայաստան» հարցին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի արտերկրի հետ միջտարածաշրջանային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովը «Իրավունք»-ում պատասխանում է. - «Ես հուսով եմ, որ նման բան երբեք չի կատարվի... Վստահ եմ, որ չի կարելի երկիրը հանձնել նրանց, ովքեր ոչինչ չեն տեսնում, բացի սեփական «համաշխարհային պատմական դերից», եւ մոռանում են, որ խաղում են սեփական ժողովրդի ճակատագրի հետ»: Հարցազրույցում անդրադառնալով նաեւ Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, ռուսաստանցի պաշտոնյան նշում է. - «Կարելի է ինչքան ասես օգտվել արեւմտյան դրամաշնորհներից, համեղ ուտել եւ փափուկ քնել, սակայն պետք չէ Արեւմուտքից ակնկալել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծում»:

Ըստ նուն թերթի՝ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շրջում է հանրապետության մարզերում, հանդիպում երկրապահների ու բնակչության հետ՝ անդրադառնալով նաեւ Ղարաբաղյան հիմնահարցին: Վերջերս Արթիկի եւ Գյումրիի հանդիպումներում գեներալն ասել է. - «Մենք դեռ Մարտակերտի քանի գյուղեր ունենք ազատագրելու: Օսմանյան թուրքերից ազատագրելու բան ունենք: Իսկ Ադրբեջանը մեզ թող պատերազմով չվախեցնի, մի անգամ փորձեց ու տեսավ՝ ում բալեն ա լացում, դրա համար ժամանակ առ ժամանակ մռնչում ա»: «Իրավունք»-ի ձեւակերպմամբ, Ղարաբաղի հարցում ունենք հետեւյալ պարադոքսը՝ «պաշտապանության նախարարն «աղավի» է, իսկ փոխնախարարներից մեկը՝ «բազե»:

«Կարծում եմ, որ փոխզիջման կարգով հնարավոր կլիներ Լեռնային Ղարաբաղը ճանաչել ինքնուրույն միավոր, փոքր պետություն, որը կունենար Ադրբեջանի հետ բարիդրացիական եւ Հայաստանի հետ սերտ եղբայրական հարաբերություններ». - «Ազգ» թերթի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Լոս Անջելեսում Ռուսաստանի հյուպատոսի կազմակերպած ընդունելությանը հաջորդած ասուլիսում:

«Ֆրանսիայում եւ Հոլանդիայում հանրաքվեների տապալումով Միացյալ Եվրոպայի ընդլայնման գաղափարը չաշխատեց: Այժմ եվրոպական արժեքներով առաջ շարժվելու արտաքին խթան չկա», - գրում է «Առավոտ»-ի մեկնաբանը՝ բխեցնելով. - «Հիմա եվրոպական միջազգային կառույցները Հայաստանի համար այլեւս հեղինակություն չեն: Եվ դա շատ ցավալի է, քանի որ, ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, որոնք, ամեն դեպքում, պարտավոր են պահել ժողովրդավարության պատշաճ մակարդակ՝ դեպի Արեւմուտք ունեցած կողմնորոշման եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից, Հայաստանն այժմ ավելի շատ ձգտում է դեպի Ռուսաստան: Իսկ վերջինս պարզապես թքած ունի՝ որքանով են ժողովրդավարական մեր երկիրը եւ Սահմանադրությունը, որքան են ազատ ու արդար մեր ընտրությունները»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG