Մատչելիության հղումներ

Ադրբեջանում «օրըստօրե սրվում են» հարաբերությունները իշխանությունների եւ ընդդիմության միջեւ


Ադրբեջանի իրավապահներն այսօր հաղորդել են, որ անվերապահորեն միջամտելու եւ ուժով ցրելու են ընդդիմության ծրագրած բողոքի ակցիաները: Ընդդիմությունը, մինչդեռ, մտադիր է վաղը ցույց անցկացնել:

Բաքվի քաղաքապետարանի պաշտոնյա Էհսան Զահիդովի խոսքերով, «անընդունելի է, որ ընդդիմությունը ցանկանում է սրել իրավիճակը եւ քաղաքի կենտրոնում բախում հրահրել»:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի ընդդիմությունը, այդուհանդերձ, հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի հրաժարվի հակակառավարական ցույց կազմակերպելու գաղափարից:

«Ցույց անցկացնելը մեր սահմանադրական իրավունքն է», - ասել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին:

«Ֆրանսպրես»-ը հիշեցնում է, որ մայիսին ոստիկանները բիրտ ուժ էին կիրառել չարտոնված ցույցի մասնակիցների նկատմամբ: Իրավապահներն ասել են, թե մայիսին ստիպված էին եղել ուժի դիմել, որովհետեւ ցուցարարները զանգվածային անկարգություններ էին հրահրել մայրաքաղաքի այն թաղամասում, որից ոչ հեռու տեղի էր ունենում Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատար խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Այդ օրը ոստիկանները ծեծի էին ենթարկել տասնյակ ցուցարարների, ծանր վնասվածքներ էր ստացել մի լրագրող, շուրջ 75 մարդ ձերբակալվել էր:

Անվտանգության ծառայությունները ավարտվող շաբաթվա ընթացքում էլ ձերբակալել են ընդդիմության մի քանի ակտիվիստների: Ըստ որոշ հաղորդագրությունների, թռուցիկներ բաժանելիս ծեծի են ենթարկվել «3ոխ» («Ո՜չ») երիտասարդական ընդդիմադիր շարժման երկու անդամ:

«Ֆրանպրես»-ը նշում է, որ Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախորդող այս ժամանակաշրջանում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ հարաբերություններն «օրըստօրե սրվում են»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG