Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ սենատորը «տպավորված» է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներով


Ամերիկացի սենատոր Չաք Հեյգելի խոսքերով, իր գլխավորած պատվիրակության այցերը Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան «խոսում են այն մասին, որ Միացյալ Նահանգներն այս տարածաշրջանում ունի բազմաթիվ շահեր, գործընկերներ ու կապեր»:

Հարցուպատասխանի գլխավոր թեմաներից մեկը դարձավ ռուսաստանյան ռազմական ներկայությունը Հայաստանում, հատկապես՝ Վրաստանից Հայաստան ռազմակայանների տեղափոխման համատեքստում:

«Դա Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների որոշելիք խնդիրն է», - ասուլիսի ընթացքում մի քանի անգամ կրկնեց սենատոր Հեյգելը: - «Ես միշտ կարծել եմ, որ ինքնիշխան պետությունները ոչ միայն պետք է գործեն, այլեւ իրականում էլ գործում են իրենց իսկ շահերից ելնելով: Բայց Միացյալ Նահանգների քաղաքականությունն այն է, եւ դա, ըստ իս, ճիշտ քաղաքականություն է, որ ինքնիշխան մի պետության ներսում մեկ այլ երկրի ռազմական ներկայությունը օգտավետ չէ, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ մենք աշխատում ենք հաստատել խաղաղություն ու բարգավաճում, ինչպես նաեւ՝ հարթել մի այնպիսի լուրջ կոնֆլիկտ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղինն է»:

Երեկ Ադրբեջանում, պատասխանելով նույնաբնույթ հարցի, սենատորը նշել էր, որ Վրաստանից ռուսական ռազմակայանների տեղափոխումը Հայաստան «ցանկալի չէ, քանի որ դա տարածաշրջանում լարվածություն է առաջացնում»:

Ռազմակայանների տեղափոխման խնդրին այսօր լայնորեն անդրադարձել են ադրբեջանական լրատվամիջոցները: Մասնավորապես «Զերկալո» թերթի վերլուծականում դա որակվել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի շահերի անտեսում, իսկ իբրեւ Ադրբեջանի կողմից արվելիք պատասխան քայլ «Զերկալո»-ն մատնանշել է Գեբալայի ռադիոլոկացիոն կայանը Ռուսաստանին վարձակալությամբ տալու մասին պայմանագրի լուծարումը: Կայան, որը, ըստ էության, հանդիսանում է ռուսական ռազմակայան, թեեւ պաշտոնապես կոչվում է ռադիոլոկացիոն կայան:

Սենատոր Հեյգելն այսօր անդրադարձավ նաեւ Հայաստանում ժողովրդավարության վիճակին՝ ասելով, թե տպավորված է այստեղ իր տեսածով:

«Ես շատ տպավորված եմ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներով, տնտեսական աճով: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, 1998 թվականն էր, երբ Ռոբերտ Քոչարյանը նոր էր ընտրվել նախագահի պաշտոնում: Այն ժամանակվա համեմատ այսօր նշանակալի առաջընթաց եմ տեսնում: Կարծում եմ, դա շատ լավ է թե’ Հայաստանի եւ թե’ տարածաշրջանի համար: Հայաստանի համար շատ կարեւոր են ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսության բարգավաճման շարունակականությունը, որովհետեւ դրանով խթանվում է ժողովրդավարությունը ու հետեւաբար՝ արդար եւ թափանցիկ ընտրությունները»:

Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ սենատորն ասաց այն, ինչ արդեն նախօրեին ասել էր Ադրբեջանում. Միացյալ Նահանգները, Մինսկի խմբի միջոցով, պաշտպանում եւ օգնում է հարցի խաղաղ կարգավորմանը եւ կշարունակի գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի «Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն երկարատեւ, արդարացի եւ խաղաղ կարգավորման»:

Հարց ուղղվեց նաեւ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:

«Նախագահ Բուշն արդեն խոսել է այդ մասին», - ասաց Չաք Հեյգելը: - «Ես որպես սենատոր, կարտահայտեմ իմ տեսակետը: Այդ հարցը պետք է քննարկվի բաց, արդարացի եւ պետք է քննարկվի պատմաբանների կողմից»:

«Պատմաբանները եւ այլոք պիտի զբաղվեն դրանով, եւ ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների կառավարությունը այդ հարցի վերաբերյալ պետք է որեւէ բանաձեւ ընդունի: Ինչ եղել է 1915-ին, եղել է 1915-ին: Թող պատմաբանները ուսումնասիրեն հարցը եւ որոշեն թե ինչ է եղել եւ ինչու: Կարեւորն այն է, որ այս տարածաշրջանը զարգանա եւ Թուրքիայի ու Հայաստանի, ինչպես նաեւ մյուս բոլոր երկրների միջեւ երկարատեւ խաղաղություն հաստատվի», - ավելացրեց նա::

Սենատորը տեղեկացրեց, որ ասուլիսից քիչ առաջ կայացել էր իր եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկված հարցերից էր եղել հայ խաղաղապահների ներկայությունը Իրաքում եւ Կոսովոյում, ինչը շատ բարձր է գնահատվում ԱՄՆ-ի կողմից:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG