Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վրաստանից դուրս բերվող ռուսական ռազմահանգրվանների տեխնիկայի ու սպառազինության մի մասի Հայաստան տեղափոխելու խնդրի շուրջ մեզանում սկսված աղմուկը որեւէ տրամաբանական հիմնավորում չունի», - գտնում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը՝ ընդգծելով. - «Ակնհայտ է, որ գործ ունենք քարոզչական շոուի հետ, որը հետապնդում է քաղաքական հստակ նպատակներ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ վերջերս աննկատ կերպով թափ հավաքող հակառուսական քարոզչության ծավալման հերթական փորձ»: Ըստ թերթի՝ սպառազինությունների ավելացումը անկասկած ձեռնտու է, եւ «Հայաստանը կարող է ոչ միայն իրեն ավելի վստահ զգալ պաշտպանվածության առումով, այլեւ իր դաշնակցին ցույց տրված որոշակի աջակցության դիմաց ակնկալել շոշափելի տնտեսական շահաբաժիններ»։


«Ազգ»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Ախալքալաքի քաղաքապետ Նաիրի Իրիցյանն ասել է, թե ընդհանուր առմամբ ժողովրդի մեջ հիասթափություն կա: «Տեղացիներն ավելի շատ մտահոգված են ոչ այնքան աշխատանք կորցնելու հեռանկարով, որքան այն իրողությամբ, որ ռուսական ռազմակայանն այլեւս չի լինելու: Ջավախքում սերունդներ են մեծացել, որոնց համար ռազմակայանն ընկալվել է որպես անվտանգության կարեւոր երաշխիք: Մարդիկ շվարած են», - փոխանցել է Ախալքալաքի քաղաքապետը: Իսկ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Մելիք Ռաիսյանը «Ազգ»-ի հարցին պատասխանել է. - «Ռուսները որոշել են, որ գնալու են: Վերջում մե՞նք ենք մեղավոր դառնալու: Ինչո՞ւ ենք ուզում կռվախնձոր դառնալ»:

«Ադրբեջանին՝ նավթ, Ղարաբաղին՝ անկախություն». - այսպիսի մի բանաձեւ է առաջ քաշված «Հայոց աշխարհ»-ում: Համարելով, որ Ադրբեջանը արդեն ստացել է այն, ինչին ձգտում էր՝ զինադադարից հետո սկսելով Բաքու - Ջեյհան նավթամուղի շինարարությունը, «Հայոց աշխարհ»-ը շարունակում է. - «Լեռնային Ղարաբաղն էլ Հայաստանի աջակցությամբ պետք է ստանա այն, ինչը արդեն բազմիցս ամրագրվել է բանակցությունների ընթացքում՝ դառնա բանակցային կողմ եւ ճանաչվի միջազգային հանրության կողմից: Հակառակ պարագայում աշխարհաքաղաքական «տեսաժապավենը» կարող է պտտվել հակառակ ուղղությամբ՝ վտանգելով ե՛ւ նավթի, ե՛ւ խաղաղության ձեռքբերման հեռանկարները»:

Տեղեկացնելով, որ 1990 թվականին լուծարված ՀԱԲ-ի («Հայոց ազգային բանակ») նախկին հրամանատարներն ու մարտիկները երեկ ստեղծել են «Հայոց ազգային բանակում» հասարակական կազմակերպությունը, «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է Ղարաբաղի կարգավորման կապակցությամբ նորաստեղծ կազմակերպության նախագահ, պաշտպանության նախարարության սոցիալական վարչության պետի տեղակալ Արամ Թորգոմյանի տեսակետը. - «Միանշանակ դեմ ենք որեւէ զիջման: Մեր ընկերների արյամբ ողողված ոչ մի թիզ չենք փոխի որեւէ կարգավիճակի, կամ թղթի կտորի հետ: Եթե պետք լինի՝ պատրաստ ենք նաեւ պատերազմի»:

«Գոլոս Արմենիի» թերթի հայացքով, ակնհայտ է, որ Հայաստանին փորձում են պարտադրել փոփոխել Սահմանադրության այն դրույթները, որոնք հաջողությամբ կիրառվում են Եվրամիության անդամ ժողովրդավարական երկրներում. - «Ակնհայտ է, որ եվրոպական փորձագետները նպատակ են հետապնդում Հայաստանի հիմնական օրենքի բարեփոխումները թերի ճանաչել եւ չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները», - շարունակում է մեկնաբանը՝ առաջին պլան մղելով ընդդիմության պահվածքը, որը կոչ արեց հանրաքվեի ժամանակ «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: «Ընդդիմությունը, քրտինքը դեմքին, սպասարկեց նրանց հետաքրքությունները, ովքեր ձգտում են Եվրախորհրդի ամառային նստաշրջանում քննարկել Հայաստանի հարցը», - ընդգծում է «Գոլոս Արմենիի»-ին՝ եզրափակելով. - «Քաղաքական պատվերը կատարված է. արմատականները շտապեցին աջակցել դրան, եւ այդ քաղաքականությունը կոչվում է դավաճանություն»:

«Ի՞նչ է պահանջելու կոալիցիայից, եթե ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկվի ՀՀ սահմանադրական փոփոխությունների ընթացքին վերաբերող հարցը», - «Տարեգիր»-ի այս հարցին Ազգային ժողովի ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը պատասխանել է. - «Էլ բան չենք պահանջելու, ասելու ենք՝ հավաքե՛ք չամադաններդ»:

«ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունից Վարդան Պողոսյանը «168 ժամ» թերթին ասել է. - «Եթե Վենետիկի հանձնաժողովի պահանջները չընդունվեն, մեր երկրին շատ մեծ հարված է հասցվելու, եւ Հայաստանը հայտնվելու է Բելառուսի կարգավիճակում»:

«Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ ժողովրդավարական հեղափոխության անխուսափելի գործընթաց սկսելու համար բնավ պարտադիր չեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կամ սահմանադրական հանրաքվեն առիթ դարձնելը: Հայաստանում գործում է բացահայտ կրիմինալը` իր բոլոր դրսեւորումնեորվ, եւ այդ կրիմինալի ցանկացած գործողությունից հնարավոր է Հայաստանում առկա ներքին լարվածության պայթյուն: Երկիրը հասցված է այնպիսի կուլմինացիոն վիճակի, որ ցանկացած, անգամ առաջին հայացքից մանր թվացող քայլից կարող են անշրջելի գործընթացներ սկսվել: Բոլորի համար էլ աքսիոմի պես է մեկ բան է՝ այս մի անգամ, երբ հավաքեցինք ժողովրդին, հաղթանակն անխուսափելի պետք է լինի», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում նշում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

«Հայկական ժամանակ»-ում ամփոփված է, թե «200 հազար մարդ, պարելով Արագածի շուրջը՝ անկախ իրենից իր հավատարմությունը տվեց Ռոբերտ Քոչարյանին եւ նրա վարչախմբին»:

«Իր միլիարդները, գոնե առաջին միլիոնը, Խոդորկովսկին վաստակել է ո՛չ ամենաազնիվ միջոցներով: Ինչպեսեւ մյուս` ռուս, հայ, մոլդավացի կամ ղրղըզ օլիգարխները: Սակայն քրեական գործեր են հարուցում միայն նրանց դեմ, ովքեր խելոք չեն մնում: Գուցե դա՞ է պատճառը, որ հայաստանցի օլիգարխները այդքան սիրում են գործող իշխանություններին», - Խոդորկոսվկու դատավճռից բխեցնում է «Առավոտ»-ի խմբագրականը:

«168 ժամ» թերթի փոխանցմամբ, «Արմենիա» հեռուստաընկերության հիմնադիր Ջերալդ Գաֆեսճանը խիստ դժգոհ է հեռուստաընկերության նախագահ Բագրատ Սարգսյանից՝ գտնելով, որ իր ներդրած ահռելի չափերի հասնող գումարները հեռուստաընկերության նախագահը «վատնում է իշխանություններին հաճոյանալու ու նրանց գովաբանող ապատեղեկատվություն տարածելու համար, իսկ իրեն ԱՄՆ կառավարության մոտ անհարմար վիճակի մեջ է գցում»: Թերթի մատուցմամբ, արդեն լուրեր կան, որ Գաֆեսճյանը ցանկանում է փոխել հեռուստաընկերության նախագահին:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG