Մատչելիության հղումներ

Հոլանդացիները նույնպես «ոչ» ասացին Եվրամիության Սահմանադրությանը


Նիդեռլանդներում չորեքշաբթի օրը կայացավ Եվրամիության Սահմանադրության ընդունման հանրաքվեն, որի արդյունքներով
հոլանդացիների ճնշող մեծամասնությունը՝ 61 տոկոսը, «դեմ» են արտահայտվել միացյալ Եվրոպայի Սահմանադրության ընդունմանը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, հանրաքվեի արդյունքները հիասթափեցրել են Հոլանդիայի վարչապետ Յան Պետեր Բալքենենդեին, որը սակայն հանրաքվեից առաջ հայտարարել էր, թե «անկախ դրա արդյուներից հրաժարական չի տալու»:

Փորձագետների կարծիքով, հոլանդացիների «ոչ»-ը պայմանավորված է տնտեսական իրավճակի վատթարացման, փախստականների ներհոսքի եւ ահաբեկչության վտանգների վախով:

«Սա դժվար պահ է Եվրոպայի համար, սակայն Եվրոպան այն կհաղթահարի», -հայտարարել է Եվրամիությունում նախագահող երկրի՝ Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը:

Յունկերը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն կոչ են արել մյուս երկրներին չհուսահատվել ֆրանսիացիների եւ հոլանդացիների «ոչ»-ից եւ չդադարեցնել իրենց երկրներում նման հանրաքվեների անցկացումը՝ առնվազն մինչեւ Եվրամիության հավաքը Բրյուսելում հունիսի 16-17-ը, որը ստեղծված իրավիճակում կարող է ձեռք բերել արտակարգ գագաթնաժողովի կարգավիճակ:

Բացի Ֆրանսիայից եւ Հոլանդիայից, Եվրամիության Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվե է անցկացվելու Էստոնիայում, Դանիայում, Իռլանդիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում եւ Պորտուգալիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG